Մոսկվան հայտնել է Պուտին-Փաշինյան հանդիպման և քննարկվելիք հարցերի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Հայաստանի եվրոպական կողմնորոշումը կլինի հանդիպման թեմաներից մեկը։ «Մենք շարունակում ենք պնդել, որ Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունից։ Այս հարցը պետք է ինչ-որ կերպ լուծվի, և նախագահն ու վարչապետը, անկասկած, կքննարկեն դա», – Ուշակովի խոսքերն է մեջբերում գործակալությունը։

Նա նաև նշել է, որ հանդիպման ժամանակ կքննարկվեն «Հայաստանում ընդդիմության առաջնորդների զանգվածային ձերբակալությունները, այդ թվում՝ այն առաջնորդների, ովքեր պաշտպանում և պաշտպանել են մեր երկրների միջև ավանդական բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը։ Այս թեման, անկասկած, կքննարկվի, և, իհարկե, Հայաստանի ղեկավարության այս գիծը լուրջ մտահոգություն է առաջացնում», – ասել է Ուշակովը՝ նշելով «ցավալի փաստը, որ Ռուսաստանին համակրող քաղաքական գործիչները գտնվում են ճաղերի հետևում»։

Բիշքեկում կայանալիք բանակցությունները կլինեն հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների առաջին հանդիպումը։

Հուլիսի 27-ին Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Պուտինի հետ։ ՀՀ կառավարության տվյալներով՝ կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները և երկկողմ տնտեսական համագործակցության ոլորտում առաջացած հարցերը։

Leave a Comment