ՀԱՊԿ-ն օպերատիվ արձագանքել է՝ Հայաստան ուղարկելով առաքելություն․ Զախարովա

ՀԱՊԿ-ն օպերատիվ արձագանքել է՝ Հայաստան ուղարկելով առաքելություն․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով օգոստոսի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, քննադատել է նրա դիրքորոշումը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ։

Փաշինյանին հարց էր ուղղվել 2021 թվականի կառավարության ծրագրում Ռուսաստանի հետ հարաբերությունները որպես «ռազմավարական դաշինք» բնորոշելու, իսկ նոր ծրագրում «գործընկերային հարաբերությունների» և «տրանսֆորմացիայի» մասին ձևակերպումների օգտագործման վերաբերյալ։ Փաշինյանը պատասխանել էր, որ 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո «ռազմավարական գործընկերություն» ձևակերպումը հարցեր կառաջացներ, թե ինչու Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը չեն կատարել անվտանգության ոլորտում իրենց պարտավորությունները։

Զախարովան նշել է, որ 2022 թվականի սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման ժամանակ Ռուսաստանն աջակցել է խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացին։ Զախարովայի խոսքով՝ Հայաստանի դիմումից հետո ՀԱՊԿ-ն «օպերատիվ արձագանքել է»՝ Հայաստան ուղարկելով առաքելություն՝ իրավիճակը գնահատելու համար։

Զախարովան հիշեցրել է նաև, որ Փաշինյանը 2022 թվականի սեպտեմբերին Երևանում հանդիպել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։

Նրա խոսքով՝ 2022 թվականի նոյեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովից առաջ կազմակերպության առաքելության տեղակայման վերաբերյալ որոշման նախագիծը համաձայնեցվել էր, սակայն Փաշինյանը հրաժարվել էր այն ստորագրելուց։

Զախարովան նշել է, որ առաջարկվող փաստաթուղթը նախատեսում էր Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովմանն ուղղված քաղաքական և դիվանագիտական քայլեր, ռազմատեխնիկական աջակցություն, սահմանապահ զորքերի վերապատրաստմանն ու տեխնիկական հագեցմանը աջակցություն, ինչպես նաև ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի՝ Հայաստանում օպերատիվ տեղակայման պլանի նախապատրաստում։

ՌԴ ԱԳՆ խոսնակը անդրադարձել է նաև 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ընդունված հայտարարությանը՝ նշելով, որ Փաշինյանն այդ ժամանակ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը։

Զախարովան Փաշինյանին հորդորել է չփորձել պատասխանատվությունը տեղափոխել այլ կողմերի վրա։

Leave a Comment