Օգոստոսը սպինալ մկանային ատրոֆիայի (ՍՄԱ) իրազեկման ամիսն է, որի շրջանակում «Արաբկիր» բժշկական համալիրում տեղի է ունեցել «Արվեստը սահմաններ չի ճանաչում» խորագրով միջոցառումը։ Այն համախմբել է առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին, ՍՄԱ ախտորոշում ունեցող երեխաներին, երիտասարդներին ու նրանց ընտանիքի անդամներին։
Միջոցառմանը ներկա են եղել «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, «Արաբկիր» ԲՀ նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը։ Կարևորվել է ՍՄԱ-ի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը և այս ուղղությամբ տարվող աշխատանքները։

Ամիսներ շարունակ այս երեխաները «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» աջակցությամբ ստանում են թանկարժեք դեղորայքը։
Միջոցառման մասնակիցները ծանոթացել են այս ախտորոշումն ունեցող պացիենտների հետ, ներկա գտնվել ՍՄԱ պացիենտ, տաղանդավոր նկարիչ Ջիմ Հովհաննիսյանի նկարների ցուցահանդեսին, դիտել սպինալ մկանային ատրոֆիայի մասին պատմող ֆիլմը։ Այն նաև այս ախտորոշումն ունեցող անձանց մասին է։



Որպես օրվա խորհրդանշական ավարտ՝ միջոցառման մասնակիցները իրենց մատնահետքն են թողել կտավի վրա՝ ստեղծելով մանուշակագույն ժապավենը, որը նյարդաբանական հիվանդությունների, այդ թվում՝ ՍՄԱ-ի խորհրդանիշն է։
Սպինալ մկանային ատրոֆիան ծանր գենետիկ հիվանդություն է, որը վնասում և ոչնչացնում է ողնուղեղի շարժիչ նեյրոնները՝ բերելով մկանների աստիճանական թուլացման ու ատրոֆիայի։