Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով նախատեսվում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերում էլեկտրոնային հսկողության կիրառման գործող կարգավորումները համապատասխանեցնել օրենսդրական նոր պահանջներին։ Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և տվյալների շտեմարանի վարման ընթացակարգերը։
Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 17-ի N 1986-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) կարգավորվում են էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների շտեմարանի վարմանն առնչվող իրավահարաբերությունները։ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում կատարված փոփոխություններով վերանայվել և հստակեցվել են ոլորտը կարգավորող իրավական դրույթները, այդ թվում՝ «ընտանիքում բռնություն» ձևակերպումը փոխարինվել է «ընտանեկան և կենցաղային բռնություն» ձևակերպմամբ։ Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել Որոշման դրույթները համապատասխանեցնել գործող օրենքի պահանջներին՝ ապահովելու իրավական ակտերի համապատասխանությունը, կիրառվող եզրույթների միասնականությունը և իրավական որոշակիությունը։
Միաժամանակ, էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման գործընթացի արդյունավետության, իրավաչափության և համաչափության ապահովման նպատակով անհրաժեշտ է հստակեցնել գործող կարգավորումները։
Կարգավորման նպատակն ու բնույթը.
Նախագծի նպատակն է գործող կարգավորումները համապատասխանեցնել օրենքի պահանջներին, ապահովել իրավական եզրույթների միասնական կիրառությունը, ինչպես նաև հստակեցնել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների շտեմարանի վարման ընթացակարգերը։ Նախագիծը կրում է գործող իրավակարգավորումները համապատասխանեցնող և կատարելագործող բնույթ։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը չի բխում ռազմավարական ծրագրերից։
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտների և ծախսերի սպասվելիք փոփոխությունների մասին․
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունմամբ կապահովվի գործող կարգավորումների համապատասխանությունը ոլորտը կարգավորող օրենքի պահանջներին, իրավական եզրույթների միասնական և հստակ կիրառությունը, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման գործընթացի իրավաչափության, համաչափության և արդյունավետության բարձրացումը։
Միաժամանակ, կկատարելագործվեն էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների շտեմարանի վարմանն առնչվող կարգավորումները և կնվազեցվի իրավակիրառ պրակտիկայում տարաբնույթ մեկնաբանությունների հնարավորությունը։