Շվեդիան ռուս-ֆիննական սահմանին Gripen կործանիչներ է ուղարկել

Շվեդիան ռուս-ֆիննական սահմանին Gripen կործանիչներ է ուղարկել

Շվեդիան և Ֆինլանդիան սկսում են տարածքային հսկողության համատեղ գործողություն։ SVT հեռուստաալիքի տվյալներով՝ Ֆինլանդիա կուղարկվեն Gripen կործանիչներ և Շվեդիայի ռազմածովային ուժեր։

Հիմնական նպատակը ռուսական սահմանի մոտ բարձր ռիսկայնության գոտիների մոնիթորինգն է և անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման ու չեզոքացման կարողությունների ուժեղացումը։

Ակնկալվում է, որ արդեն այս աշնանը գործողության մեջ կարող են ներգրավվել նաև ԱԹՍ-ների դեմ պայքարի շվեդական մասնագիտացված ստորաբաժանումները։

2023 թվականի ապրիլին Ֆինլանդիան պաշտոնապես դարձավ Հյուսիսատլանտյան դաշինքի 31-րդ անդամը։

«Որպես դաշնակիցներ՝ Շվեդիան և Ֆինլանդիան ընդհանուր կարծիք ունեն Բալթիկ ծովի տարածաշրջանում և ՆԱՏՕ-ի արևելյան թևում զսպման և պաշտպանության հզոր համակարգի կարևորության վերաբերյալ»,- SVT-ին տված մեկնաբանությունում նշել է Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը։

Նրա ֆինն գործընկեր Անտտի Հյակկյանենը նշել է, որ գործողությունն իրականացվում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությամբ։ «Ավիացիոն և ծովային համագործակցությունն արդեն իսկ մեր երկկողմ և հյուսիսային համագործակցության անբաժանելի մասն է։ Բնական է, որ այժմ մենք զարգացնում ենք դա տարածքային հսկողության և ամբողջականության պաշտպանության ոլորտում համագործակցության միջոցով»,- ասել է նա։

Հյակկյանենը հայտարարել է, որ երկիրը պետք է պատրաստ լինի խոցելու այն անօդաչու սարքերը, որոնք կարող են սխալմամբ հայտնվել իր օդային տարածքում։

Leave a Comment