DPA․ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ստամբուլում նախատեսված բանակցությունները հետաձգվել են

Ստամբուլում նախատեսված՝ Իրանի հարցով հանդիպումը, որին պետք է մասնակցեին «եվրոպական եռյակի»՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի, ինչպես նաև Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի արտգործնախարարները, հետաձգվել է։ Այս մասին, հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին, հայտնել է DPA գործակալությունը։

Գործակալության տեղեկություններով՝ հետաձգման պատճառը հանդիպման մասնակիցներից մեկի ժամանակացույցում առաջացած անհամապատասխանությունն է։ Հանդիպման նոր ամսաթիվը դեռևս չի որոշվել։

Ավելի վաղ DPA-ն հայտնել էր, որ Գերմանիայի, Թուրքիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները օգոստոսի 30-ին Ստամբուլում պետք է հանդիպեին Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Եգիպտոսի իրենց գործընկերների հետ։ Բանակցությունների նախաձեռնողներն էին գերմանական և թուրքական կողմերը։

Նախատեսվում էր, որ նախարարները, մասնավորապես, կքննարկեն Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության ապահովման ուղիները, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության իրավիճակը։ Մասնակից երկրները ակնկալում էին, որ հանդիպումը ԱՄՆ-ին ազդակ կհաղորդի Իրանի հետ բանակցությունները շարունակելու անհրաժեշտության մասին։

Բացի այդ, Ստամբուլում նախատեսվում էր քննարկել նաև Սև ծովում ստեղծված իրավիճակը և ուկրաինական հացահատիկի արտահանումը։

Leave a Comment