Կաթողիկոսի և մյուսների գործով տուժողը միջնորդեց դռնփակ անցկացնել դատական նիստը

Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և մյուս բարձրաստիճան հոգևորականների գործով այսօրվա դատական նիստում տուժող Արման Սարոյանը՝ նախկինում Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, միջնորդեց, որ նիստը դռնփակ անցկացվի:

Սարոյանը պնդեց, որ իր դեմ ուղղորդված արշավ է անցկացվում, ստացել է մահվան սպառնալիքներ, ուստի միջնորդում է, որ նիստերին չմասնակցեն ոչ լրագրողներ, ոչ էլ այլ անձինք:

Կաթողիկոսի պաշտպանական թիմը հրապարակայնության սահմանափակմանը առարկում է:

Գարեգին Երկրորդն ու վեց բարձրաստիճան հոգևորականները մեղադրվում են դատական ակտը չկատարելու համար: Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, իսկ դատարանը պարտավորեցրել էր վերականգնել հոգևորականին իր պաշտոնում: Մայր Աթոռը, սակայն, չվերականգնեց ու կարգալույծ արեց նրան՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը:

Եթե դատարանը հաստատի բարձրաստիճան հոգևորականների մեղադրանքը, ապա նրանց սպառնում է առավելագույնը երկու տարվա ազատազրկում: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը կանգնում է դատարանի առաջ:

Leave a Comment