ԱՄՆ-ի նոր «տնտեսական պատերազմը» Իրանի դեմ. հնարավոր հետեւանքները Հայաստանի համար

ԱՄՆ-ը Իրանի դեմ տնտեսական ճնշումն ընդլայնում է՝ պատժամիջոցների տակ դնելով իրանական տնտեսության տարբեր ոլորտներ, անձանց ու ընկերությունների եւ զգուշացնելով Իրանի հետ համագործակցող օտարերկրյա բանկերին ու կազմակերպություններին: Վաշինգտոնը նոր արշավը ներկայացնում է որպես ռազմական ճնշմանը զուգահեռ իրականացվող տնտեսական քաղաքականություն, մինչդեռ Թեհրանը հայտարարում է, որ պատրաստ է դիմակայել նոր սահմանափակումները: Այս իրավիճակը կարող է բարդություններ ստեղծել նաեւ Հայաստանի համար, որն  Իրանի հետ ունի զարգացող առեւտրատնտեսական, էներգետիկ եւ ֆինանսական կապեր:

Հատկապես ուշադրության կենտրոնում կարող են հայտնվել հայ-իրանական առեւտուրը, «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը եւ Հայաստանում գործող իրանական բանկային կառույցների հետ համագործակցությունը:

Ռազմական ճանապարհով արդյունքի չհասնելուց հետո Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է Իրանի դեմ սկսել տնտեսական պատժամիջոցների «աննախադեպ» արշավ՝ նպատակ ունենալով փակել արտերկրում Իրանի տնտեսական շնչուղիները:

Վաշինգտոնն այդ քայլերը ներկայացրել է որպես Թեհրանի դեմ ԱՄՆ-ի կողմից կիրառվող «պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցներ»:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում մանրամասն ներկայացրել է այդ ուղղությամբ Վաշինգտոնի նախատեսած քայլերը:

Ըստ հաղորդագրությունների, ընդլայնվել է պատժամիջոցների շրջանակը, որի տակ հայտնվել են Իրանի տնտեսության ամենատարբեր ոլորտներ, ինչպես նաեւ տասնյակ անձինք եւ ընկերություններ: Միաժամանակ հայտարարվել է, որ կուժեղացվեն ճնշումներն այն օտարերկրյա բանկերի, ընկերությունների եւ միջնորդների նկատմամբ, որոնք կշարունակեն համագործակցել Իրանի հետ:

Վաշինգտոնի կողմից «տնտեսական մեկուսացման գործողություն» անվամբ ներկայացվող այս արշավը հայտարարվել է փխրուն հրադադարի պայմաններում, երբ Իրանի տնտեսությունը ամիսներ տեւած ռազմական բախումների, նավթի արտահանման եւ արտաքին առեւտրի խափանումների, բարձր գնաճի եւ ազգային արժույթի արժեզրկման հետեւանքով արդեն լրջորեն տուժել է:

ԱՄՆ ֆինանսների նախարարն իր ելույթում հստակորեն այս արշավը ներկայացրել է որպես Իրանի դեմ ռազմական ճնշման լրացուցիչ միջոցառում: Նրա խոսքով, ԱՄՆ զինված ուժերը «հող են նախապատրաստել», իսկ Միացյալ Նահանգների տնտեսական հզորությունը հնարավորություն է տալիս ֆինանսական ճնշումը շարունակել «ռազմական հզորությանը զուգահեռ»:

Թեհրանն, իր հերթին, համոզված է, որ Իրանը դիմադրողականություն ունի ամեն տեսակի պատժամիջոցների նկատմամբ եւ պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի նոր սահմանափակումներին: Այդ մասին օգոստոսի 24-ին խոսել է Իրանի ֆինանսների նախարար Ալի Մադանիզադեն: Նրա խոսքով, ԱՄՆ-ը որոշել է եւս մեկ անհաջող փորձ կատարել՝ հավելելով, որ «Թեհրանը վաղուց էր սպասում դրան եւ հիանալի իրազեկված էր ԱՄՆ-ի պլանների մասին»:

Իրանի ֆինանսների նախարար Մադանիզադեն հավաստիացրել է, որ Իրանի կառավարությունն ունի երկամյա ծրագիր՝ նման սահմանափակումներին դիմակայելու համար:

Միեւնույն ժամանակ, ԱՄՆ ֆինանսների նախարարը զգուշացրել է, որ «պատժամիջոցների մուրճը կիջնի նաեւ յուրաքանչյուրի գլխին, ով համագործակցում է Իրանի հետ»: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը որեւէ զիջողականություն չի ցուցաբերի Իրանի հետ համագործակցող անձանց կամ կողմերի նկատմամբ:

Սքոթ Բեսենթը նաեւ հայտնել է, որ ԱՄՆ-ը երկրներին ժամանակ է տալիս արտերկրում գործող իրանական բանկերի մասնաճյուղերը փակելու համար:

Իրանն, իր հերթին, հայտարարել է, որ այն երկրներին, որոնք կմիանան իր դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին, կհամարի իր թշնամիները:

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային օգոստոսի 22-ին պետական հեռուստատեսությամբ հայտարարել է. «Մենք բոլոր երկրներին հորդորում ենք չմասնակցել Միացյալ Նահանգների սկսած տնտեսական պատերազմին: Որեւէ երկիր, որը կմասնակցի մեր դեմ տնտեսական սահմանափակումների կիրառմանը, կհամարվի թշնամի»:

Թեեւ ԱՄՆ-ի ձեռնարկած արշավի հիմնական թիրախը Իրանն է, սակայն, ինչպես Վաշինգտոնն է զգուշացրել, Իրանի հետ համագործակցող երկրները նույնպես կարող են հայտնվել ԱՄՆ-ի խոստացած «մուրճի» հարվածների տակ:

Այդ երկրներից կարող է լինել նաեւ Հայաստանը՝ Կովկասում Իրանի համեմատաբար փոքր, սակայն կարեւոր գործընկերը: Հայաստանի աշխարհագրական դիրքը, էներգետիկ համակարգը եւ ցամաքային առեւտրային կապերը այն կարեւոր նշանակություն ունեցող երկիր են դարձնում Իրանի համար:

2025 թվականի տվյալներով՝ Հայաստանն Իրան է արտահանել 88 մլն դոլարի ապրանք, իսկ Իրանից ներմուծել՝ 680 մլն դոլարի: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2024 թվականի համեմատ Հայաստանից Իրան արտահանումը կրճատվել է 18,3 տոկոսով, մինչդեռ ներմուծումն աճել է 8,1 տոկոսով:

2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառության ծավալն աճել է 8,4 տոկոսով՝ հասնելով 371,4 մլն դոլարի: Արտահանման ծավալը կազմել է 42,8 մլն դոլար, ինչը վկայում է 6 տոկոս նվազման մասին: Միեւնույն ժամանակ, ներմուծումն աճել է 12 տոկոսով՝ հասնելով 336,9 մլն դոլարի:

Հայաստանի արտաքին առեւտրի մոտ 20 տոկոսն իրականացվում է Իրանի տարածքով: Երկու երկրները նաեւ ունեն «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» փոխանակման համաձայնագիր: Դրա շրջանակում Հայաստանը Իրանից ստացված գազի միջոցով էլեկտրաէներգիա է արտադրում, որի մի մասը սպառվում է երկրի ներսում, իսկ մյուս մասը վերադարձվում է Իրանին:

Իրանի դեմ «տնտեսական մեկուսացման գործողություն» անվամբ ներկայացվող նոր սահմանափակումների պայմաններում Երեւանը պետք է առավել զգուշավորություն ցուցաբերի: Մասնավորապես, Ռուսաստանից մատակարարվող գազի համար այլընտրանք որոնելիս անհրաժեշտ կլինի հաշվի առնել նաեւ տարածաշրջանում ձեւավորվող նոր քաղաքական եւ տնտեսական իրավիճակը:

Իրանն ու Հայաստանը համագործակցում են նաեւ բանկային համակարգում, որը վերջին տարիներին զարգանում է հիմնականում վճարումների, դրամական փոխանցումների, առեւտրի ֆինանսավորման եւ երկկողմ ֆինանսական կապերի ուղղություններով: Սակայն այդ համագործակցությունն ունի նաեւ լուրջ սահմանափակումներ՝ հատկապես Իրանի նկատմամբ գործող միջազգային պատժամիջոցների պատճառով:

Չի բացառվում, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների կիրառման պայմաններում Հայաստանը ստիպված լինի սահմանափակել նաեւ Հայաստանում գրանցված իրանական «Մելլաթ» բանկի հետ համագործակցությունը:

Այսպիսով, Վաշինգտոնի նոր պատժամիջոցների արշավը կարող է Հայաստանի համար վերածվել ոչ միայն արտաքին քաղաքական, այլեւ տնտեսական մարտահրավերի: Մի կողմից՝ Երեւանը պետք է հաշվի առնի ԱՄՆ-ի սահմանած սահմանափակումների հնարավոր հետեւանքները, մյուս կողմից՝ պահպանի Իրանի հետ կենսական նշանակություն ունեցող առեւտրային, էներգետիկ եւ հաղորդակցային կապերը: Այս երկու ուղղությունների միջեւ հավասարակշռություն գտնելը կարող է առաջիկայում դառնալ Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության կարեւորագույն խնդիրներից մեկը:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

Leave a Comment