Խտրական ու հակաժողովրդավարական քայլ – Ազգ

Եվա Հակոբյան. «Ֆիզիկական բացակայությունը պատրվակ բերելով սահմանափակել ընտրության իրավունքը ծայրահեղ խտրական ու հակաժողովրդավարական քայլ է»

2026 թվականի հուլիսի 3-ին ՀՕ-361-Ն օրենքով փոփոխություն կատարվեց ՀՀ Ընտրական օրենսգրքում, որի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրություններին ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիները, որ քվեարկության օրվան նախորդող 730 օրվա ընթացքում ՀՀ-ում փաստացի գտնվել են առնվազն 366 օր: Օրենքը հրապարակվեց 2026 –ի հուլիսի 24-ին և ուժի մեջ մտավ 2026-ի օգոստոսի 25-ին: Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների կարծիքով, այս փոփոխությամբ ոտնահարվում է իրենց սահմանադրական իրավունքը (ՀՀ սահմանադրության 48-րդ, 7-րդ, 73-րդ, 78-րդ  հոդվածներ) եւ հաստատվում ՀՀ-ի նահանջը ժողովրդավարությունից: Մեզ հետ զրուցած սփուռքահայերի կարծիքով, հիշյալ փոփոխությունը Սփյուռքի դեմ է, այն հեղինակելիս չի ուսումնասիրվել Սփյուռք ունեցող երկրների փորձը: Տարողունակ այս թեմային դեռ անդրադառնալու ենք՝ հնարավորինս համակողմանի: Ստորեւ ներկայացնում ենք մեր հարցաշարին պատասխանած՝ տարբեր երկրներում բնակվող ՀՀ 4 քաղաքացիներից Եվա Հակոբյանի կարծիքը: «Ազգի» առաջիկա համարում կզետեղենք մյուսների կարծիքը: Նախ մեր հարցերը՝

1-Ձեր մասին համառոտ տեղեկագիր. ի՞նչ նպատակով եք ՀՀ-ից դուրս բնակվում, մասնակցու՞մ եք Հայաստանի կյանքին, ինչպե՞ս:

2-Հունիսի 7-ի ընտրությանը մասնակցե՞լ եք: Եթե այո, ՀՀ եք մեկնել հատուկ ա՞յդ նպատակով: Նախորդ տարիներին մասնակցե՞լ եք ընտրություններին:

3-  Ընտրություններին մասնակցելը իրավու՞նք է, թե՞ արտոնություն: Թե՞ երկուսը միաժամանակ:

4-ՀՀ քաղաքացիություն ունենալը արտերկրում բնակվողիդ ի՞նչ է տալիս:

5-Կարծում եք ճի՞շտ է հետեւյալ ձեւակերպումը՝ Երբ ես չեմ ընտրում, իմ փոխարեն ուրիշներն են որոշում քաղաքացիությամբ, անձնագրով  ինձ շնորհված երկրի ներկան եւ ապագան:

6- Դուք ՀՀ-ում ունեք հաշվառում, բայց ամիսների  ֆիզիկական բացակայության պատճառով զրկում են ընտրություններին մասնակցել. Դրանով ավելի շատ ՀՀ-ում ժողովրդավարությո՞ւնն են թուլացնում, սփյուռքի՞ դեմ են պատժամիջոց սահմանում,, թե՞ ձեզ առիթ են տալիս, որ 2 տարվա մեջ ավելի շատ լինեք այն երկրում, որի քաղաքացին եք (որ՝ առավել կապվեք):

7-Ընտրություններին մասնակցելու սահմանափակումը կարելի՞ է դիտարկել որպես պետության անվտանգության սպառնալիք: Եթե այո, հիմնավորեք:

8- Եթե ՀՀ-ն ընտրել է ԵՄ-ին մերձենալու ուղին, ապա այս սահմանափակումը  հետընթաց չէ՞, կամ՝ ո՞ր երկրի օրինակին է հետեւում: (ԵՄ երկրների մի մասի քաղաքացիները ընտրությանը մասնակցում են նաեւ այլ երկրներում գտնվելով՝  քվեարկում են դեսպանություններում կամ փոստային առաքմամբ):
 
Եվա Հակոբյան- 1.Վերջին 10 տարին բնակվում եմ Կանադայում: Մեկնել եմ Մոնրեալի համալսարանում քաղաքագիտության դոկտորական աստիճան ստանալու նպատակով: Իմ թեզի շրջանակներում ուսումնասիրում եմ 2018-ի Թավշյա հեղափոխությունը հետսովետական երկրների քաղաքական զարգացումների հոլովույթի մեջ: Հետեւաբար, Հայաստանի քաղաքական կյանքին հետևում եմ շատ ակտիվ՝թե՛ մասնագիտական, թե՛ անձնական ներգրավվածության բերումով:

2. Հունիսի 7- ի ընտրությանը չեմ մասնակցել: Աշխատանքի եւ ընտանեկան ծանրաբեռնվածության պատճառով հնարավոր չէր այդ պահին ճամփորդել Հայաստան: Նախորդ ընտրություններին մասնակցել եմ, երբ ֆիզիկապես գտնվել եմ Հայաստանում:

3. Ընտրություններին մասնակցելը ժամանակակից աշխարհում մարդու հիմնարար իրավունքներից է: Այն ամրագրված է ժողովրդավար համակարգ ունեցող բազմաթիվ երկրների սահմանադրություններում եւ ոչ միայն վիճարկման ենթակա չէ, այլ նաեւ ներդրվում են քվեարկության այնպիսի միջոցներ, որ հեշտացնում են իրենց ընտրատարածքից ինչ-որ պատճառով բացակա քաղաքացիների մասնակցությունը, օրինակ դեսպանատներում կամ հեռավար քվեարկության միջոցով: Իհարկե, մարդկության պատմության մեջ եղել են ժամանակներ, երբ ընտրության մասնակցությունը համարվել է արտոնություն: Օրինակ՝ Եւրոպայում 19-րդ դարի սկզբում ընտրության արտոնություն է ունեցել սեփականություն ունեցող ունեւոր դասակարգը, ավելի ուշ, այն տարածվել է միայն արական սեռի վրա՝ կանանց դուրս թողնելով քաղաքական գործընթացներին մասնակցությունից: Սակայն անցել են արտոնյալների ժամանակները, աշխատավոր խավերը, տղամարդիկ եւ կանայք շատ տարիներ են պայքարել, որպեսզի այս իրավունքը դառնա համընդհանուր և կախված չլինի ո՛չ մարդու սեռից, ո՛չ դասակարգից, ո՛չ էլ մաշկի գույնից: Այսպիսով, ընտրական իրավունքը մարդկության հիմնարար իրավունք է, դարերի պայքարի ու առաջադիմության արդյունք: Ընդ որում, տեղին է նշել, որ Հայաստանի Առաջին Հանրապետությունում կանայք ընտրության իրավունք են ստացել շատ ավելի վաղ, քան եւրոպական բազմաթիվ երկներում: Հետևաբար, ունենալով աշխարհի ամենաառաջադիմական քաղաքական ավանդույթներից մեկը՝ առավել եւս չպետք թույլ տալ այս խտրական ու հետադիմական օրենքի գործարկումը:

4. ՀՀ քաղաքացիությունը օգտապաշտական տեսանկյունից դիտարկելը այնքան էլ ճիշտ չեմ համարում: Քաղաքացիությունն առհասարակ մարդու իրավական ինքնությունն է, որը հայաստանցիներիս պարագայում համընկնում է մեր թե՛ էթնիկ, թե՛ քաղաքական ինքնությունների հետ՝ կազմելով օրգանական մի ամբողջություն: Հայերի համար հայկական քաղաքացիությունը երազանք է եղել բազում տասնամյակներ, եթե ոչ դարեր, իսկ մենք՝ անկախության սերունդ լինելով, այն ընկալել ենք որպես սովորական մի բան, ինչպես ասենք՝ մեր մարմնի տարբեր մասերը, որոնց գոյությունն ու արժեքը գիտակցում ենք միայն այն ժամանակ, երբ կորցնում ենք: Էթնիկ, քաղաքական ու իրավական այս ամբողջությունը մեծ հարստություն է, որ հասկացա, երբ սփյուռքում ավելի սերտ շփվեցի օտար երկրներում ծնված մեծացած հայերի հետ, որոնք չունեն այս համալիր կապվածությունը ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ իրենց ծննդավայրի հետ, քանի որ իրենց էթնիկ հայությունը քաղաքական արտահայտություն չի ստանում: Այն մոտեցումը, թե քաղաքացիությունը ինչ-որ բան պետք է տա այն կրողին, կարծում եմ, ազդված է կապիտալիզմի օգտապաշտական գաղափարաբանությունից, որի ճիրաններում հայտնվել ենք բոլորս:

5.Այո և ոչ: Ընտրությունները ժողովրդավար երկրներում քաղաքական կյանքին մասնակցության ձևերից են, կարեւոր անշուշտ, բայց ոչ միակը: Ավելին՝ լիբերալ-դեմոկրատական համակարգերում ընտրությունները գնալով դառնում են շատ ավելի ձևական գործընթացներ, քան իրական սոցիալ-տնտեսական ու քաղաքական որոշումների հարթակներ: Կուսակցություններին ցուցաբերվող ֆինանսական խոշոր աջակցությունները հաճախ դառնում են այդ կուսակցությունների քաղաքականությունը թելադրող գործոններ՝ նրանց հեռացնելով իրենց ժողովրդական ծրագրերից: Հաճախ ընտրությունները ընթանում են վատի ու վատթարագույնի միջև, ինչպես օրինակ՝ Ֆրանսիայում նեոլիբերալ Մակրոնի և ծայրահեղ աջ՝ ըստ ոմանց ֆաշիստ Լը Պենի միջև: Չնայած սրան, զարգացած երկրներում ընտրական գործընթացների շուրջ խմորումները էական նշանակություն ունեն քաղաքական կյանքում, քանի որ փոխզսպումների մեխանիզմները երբեմն (գնալով ավելի ու ավելի հազվադեպ) թույլ են տալիս ժողովրդական լայն զանգվածների սոցիալ-տնտեսական շահերը քաղաքական դաշտ փոխադրել:

Սրա հետ մեկտեղ՝ իրական ժողովրդավարությունը ենթադրում է քաղաքացիների ավելի մեծ ներգրավվածություն երկրում քաղաքական, տնտեսական որոշումներ կայացնելու գործում: Արևմտյան (հատկապես ամերիկյան) լիբերալ համակարգում  քաղաքական մասնակցությունը դարձել է շատ ավելի սահմանափակ՝ բավարարվելով 5 տարին մեկ  ընտրությունների մասնակցությամբ: Այստեղ ենթադրվում է, որ ընտրություններից դուրս մարդիկ հիմնականում պետք է ապրեն իրենց առօրյա կյանքով՝ չխառնվելով ընտրյալ ներկայացուցիչների վարած քաղաքականությանը: Այնինչ իրական ժողովրդավարական համակարգում քաղաքացիները գործուն մասնակցություն պետք է ունենան ոչ միայն ընտրությունների, այլ նաեւ, եւ հատկապես ներկայացուցիչների վերահսկման ու քաղաքական ուղղորդման միջոցով, որը կազմակերպվում է հանրային կարծիքի ճնշմամբ, հանրային քննարկումներով, ասամբլեաներով, ամենօրյա ակտիվ ներկայությամբ քաղաքական արենայում: Հետևաբար ընտրություններն էական են, բայց քաղաքական մասնակցության միակ ճանապարհը չեն:

6. Ֆիզիկական բացակայությունը պատրվակ բերելով սահմանափակել մարդու ընտրության իրավունքը ծայրահեղ խտրական ու հակաժողովրդավարական քայլ է: Խտրական, քանի որ ՀՀ սահմանադրությամբ ընտրելու իրավունքը ՀՀ չափահաս քաղաքացու հիմնարար իրավունքն է՝ անկախ գտնվելու վայրից, մազերի ու աչքերի գույնից, անկախ նրա սեռից եւ այլն: Այն խափանելով՝ ՀՀ կառավարությունը հայ քաղաքական մշակույթը գլորում է մի քանի դար հետ, ի ցույց է դնում իր խավարամիտ ու պատեհապաշտ բնույթը: Քիչ են այն երկրները, որ ընտրական իրավունքը կապում են ֆիզիկական բնակության վայրի հետ: Այդ երկրները ավտորիտար, նույնիսկ տոտալիտար քաղաքական համակարգ ունեն: Իրական ժողովրդավարության ձգտող կառավարությունը կօգտագործեր այսօրվա թվային տեխնոլոգիաների հնարավորությունները, որպեսզի ՀՀ քաղաքացիները կարողանային քվեարկել նաև այլ երկրներից, ինչպես դա անում են օրինակ ֆրանսիացիները: Նրանք ոչ միայն այս տարրական քայլերը չեն ձեռնարկում իրենց քաղաքացիներին ազատելու ծանր ֆինանսական բեռից, այլեւ ընդհակառակը՝ խափանում են մեր հիմանարար իրավունքի իրացման պրոցեսը:

Սա երկարաժամկետ քաղաքական ծրագիր է: Այս քայլով ՀՀ կառավարությունը օրինականացնում է իր սահմանափակ, նեղազգայնական ու խտրական գաղափարախոսությունը: Այն է՝ Հայաստանը 29 հազար քկմ է, իսկ միակ հայերը՝ այս 29 հազար քկմ -ում բնակվողներն են: Այսօր առաջադեմ երկրներն իրենց առջեւ հիմնական խնդիր են դնում այլ ազգերի, այլ մշակույթների ներառականությունը սեփական սահմաններից  ներս, իսկ ՀՀ գործող կառավարությունը վանում է նույնիսկ սեփական քաղաքացիներին իր քաղաքական ամենակարևոր պրոցեսից: Հայ ժողովուրդն իր պատմական հոլովույթով յուրահատուկ կառուցվածք ունի՝ մոնոէթնիկ հանրապետություն եւ սեփական բնակչության թվին կրկնապատիկ սփյուռք՝ աշխարհի բազում երկրներում: ՀՀ-ի ոչ մի կառավարություն չի կարող հաշվի չառնել այս գործոնը, որն իհարկե լի է բարդություններով, բայց նաև քաղաքական ու մշակութային հարստության հիմք է: Ներկայիս կառավարությունը մի զարկով որոշեց ազատվել հայերիս՝ պատմությունից ժառանգություն հասած այս հանգամանքից, փակեց Սփյուռքի նախարարությունը, մեզնից կտրելով այդ կարեւոր հանգույցը: Ութ տարի անց, կտրում են մեկ այլ հանգույց՝ աղքատացնելով ու ազգային օրգանական ամբոջականությունից զրկելով հայ ժողովրդի մի կարևոր հատվածի: Սա ոչ միայն դրսում ապրող հայերի հարցն է, այլ երկարաժամկետ տեսանկյունից հայ քաղաքական մտքի ու ծրագրերի կտրուկ շրջադարձ:

7. Երկարաժամկետ տեսնակյունից այս օրենքը մասնատում է հայ ժողովրդի յուրահատուկ կառուցվածքը՝ ավանդական Սփյուռք, Հայաստանի քաղաքացիներից ձևավորված ոչ շատ հին, բայց մեծաթիվ համայնքներ, սեզոնային աշխատանքով ապրող հայ ժողովրդի մի ստվար հատված եւ ՀՀ-ի բնակչություն, որը սերտ կապված է վերջին երկու խմբերին: Ավելին՝ արտասահմանում բնակվող հայերն ավելի մեծ անկախություն ունեն ընտրություն կատարելու, ինչից զուրկ են ՀՀ-ի բնակիչները՝ այս կամ այն ձևով կախված լինելով իշխանական վարչական լծակներից: Այս խտրական ու հակահայկական օրենքն ըստ ամենայնի կապահովի ներկայիս վարչակարգի երկարակեցությունը: Իսկ թե դա անվտանգային առումով ինչ սպառնալիքներ է ենթադրում, առանձին վերլուծության թեմա է:

8. Այս հարցին արդեն անդրադարձա նախորդ պատասխաններում: Հավելեմ՝ այսօր ԵՄ-ին մերձենալու համար բնավ կարիք չկա իրական ժողովրդավար երկիր լինել: Բավական է միայն ծառայել ԵՄ-ի քաղաքական շահերին, օրինակ՝ դուրս մղել ՌԴ-ին Հարավային Կովկասից, եւ կհռաչկվես «ժողովրդավարության բաստիոն»՝ անկախ քաղաքական բանտարկյալների թվից կամ ընտրությունները կոպտորեն կեղծող մեխանիզմներից:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓ3ԱՆ

Գերմանիա

Leave a Comment