«Ինչո՞ւ օտարերկրյա պետությունները նրանց քաղբանտարկյալի կարգավիճակ չեն տալիս»․ Կարեն Հեքիմյան

«Ինչո՞ւ օտարերկրյա պետությունները նրանց քաղբանտարկյալի կարգավիճակ չեն տալիս»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ծառուկյան Գագիկ, Քոչարյան Ռոբերտ, Անդրանիկ Թևանյան… Վերջիններս, ինչպես նաև քաղաքականացված այլ անձինք կալանավորված են: Արդյո՞ք նրանք քաղբանտարկյալներ են:
Հարցը շատ պարզունակ է: Դրան պատասխանելու համար, անհրաժեշտ է պատասխանել մեկ այլ հարցի, այն է՝ արդյո՞ք Ծառուկյան Գագիկը, Քոչարյան Ռոբերտը և Անդրանիկ Թևանյանը կալանավորված կլինեին, եթե չզբաղվեին քաղաքականությամբ: Այլ կերպ ասած՝ «աջը քաշած ապրեին»: Վստահ եմ՝ նրանք չէին կալանավորվի այնպես, ինչպես կալանավորված չեն նույն ժամանակահատվածում, նույն գործունեությամբ զբաղվողները, որոնք կամ հեռու են մնում քաղաքականությունից, կամ լոյալություն են ցուցաբերում օրվա իշխանության նկատմամբ: Ստացվում է՝ Ծառուկյան Գագիկը, Քոչարյան Ռոբերտը և Անդրանիկ Թևանյանը քրեորեն հետապնդվում են, քանզի հանդգնել են քաղաքականությամբ զբաղվել:
Այդ դեպքում, ինչո՞ւ միջազգային կազմակերպություններն ու օտարերկրյա պետությունները վերջիններիս քաղբանտարկյալի կարգավիճակ չեն տալիս, հետևաբար՝ նրանց ազատ արձակելու համար Հայաստանի վրա ճնշում չեն գործադրում:
Մեծ հաշվով, հասկանալի է (սակայն ընդունելի չէ) Արևմտյան պետությունների և կազմակերպությունների դիրքորոշումը: Վերջիններիս համար Ծառուկյան Գագիկը, Քոչարյան Ռոբերտը և Անդրանիկ Թևանյանն ապրիորի ռուսական ազդեցության գործիչներ են, հետևաբար՝ տրամաբանված չէ նրանց պաշտպանելը: Իսկ Ռուսաստա՞նը: Պարադոքս է, չէ՞, որ Ռուսաստանը, գոնե առերևույթ, չի պաշտպանում մարդկանց, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել Հայաստանի «ռուսիֆիկացման» համար: Կալանավորվածներից մեկը Ռուսաստանի, մյուսը Բելառուսի նախագահի ընկերն է: Բացի դրանից՝ հավատացնում եմ, որ «ռուսական աշխարհում» ևս շատ են իրավապաշտպան կառույցները: Ի վերջո՝ Ռուսաստանում կան Զախարովան, Պեսկովը և մնացածները: Բոլորը, մեծ հաշվով, լուռ են: Երբեմն, նրանց շուրթերից «ուշադիր հետևում ենք»-ի տիպի հայտարարություններ են հնչում: Ի՞նչ է դա նշանակում: Առնվազն դա նշանակում է, որ կամ Ծառուկյան Գագիկը, Քոչարյան Ռոբերտը և Անդրանիկ Թևանյանն իրականում որևէ կապ չունեն Ռուսաստանի հետ, կամ Ռուսաստանը նրանց «գցում է»: Կա մեկ տարբերակ ևս, այն է՝ օրվա իշխանությունը շատ ավելի «ռուսական է», քան Ծառուկյան Գագիկը, Քոչարյան Ռոբերտը և Անդրանիկ Թևանյանը միասին վերցրած: Ի դեպ, վերջին վարկածը շատ իրատեսական է»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան

Leave a Comment