Հայաստանում ստեղծվել է «Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա», հայտարարել է կառույցի համահիմնադիր, 2020 թվականին անհետ կորած զինծառայող Հենրի Մուրադյանի հորեղբայր Գոռ Մուրադյանը։ Ուղիղի հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube-յան ալիքում։
Նա նշել է, որ ասոցիացիայի մեջ ընդգրկվել են 1990-ականներից մինչև 2023 թվականն անհետ կորած անձանց ընտանիքների ներկայացուցիչներ։ Նրա խոսքով՝ ասոցիացիան մտադիր է նպաստել անհետ կորածների ճակատագրերի պարզաբանմանը, ինչպես նաև բարձրաձայնել նրանց ընտանիքների իրավական, սոցիալական և հոգեբանական խնդիրները։
2020 թվականին անհետ կորածի մայր, ասոցիացիայի համահիմնադիր Ասյա Դանիելյանը նշել է, որ կառույցն զբաղվելու է նաև 2023 թվականի սեպտեմբերին Ստեփանակերտի մերձակայքում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց հարցերով։ Նրա խոսքով՝ ասոցիացիան պատրաստ է համագործակցել պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և հետազոտական կենտրոնների հետ։
90-ականներին անհետ կորած ազատամարտիկի որդի, ասոցիացիայի համահիմնադիր Արամ Չանախչյանն ընդգծել է, որ 1990-ականներից անհետ կորած անձանց հարցը շարունակում է արդիական մնալ։
«Մենք ցանկանում ենք, որ անհետ կորածների հարցը մշտապես մնա պետական և միջազգային օրակարգում»,- հայտարարել է նա։
Մուրադյանի խոսքով՝ բազմաթիվ ընտանիքներ տարիներ շարունակ շարունակում են ապրել անորոշության պայմաններում։ Նա հայտնել է, որ ասոցիացիան արդեն զեկույց է ուղարկել ՄԱԿ-ի՝ Բռնի անհետացումների հարցերով կոմիտե։
Ասոցիացիան նախատեսում է համակարգել անհետ կորածների հարազատների գործողությունները, օգնել նրանց համատեղ որոշումներ ընդունել և բարձրաձայնել այն ընտանիքների խնդիրները, որոնք առողջական վիճակի, աշխատանքի կամ այլ պատճառներով չեն կարող ինքնուրույն մասնակցել գործընթացներին։
Մուրադյանի գնահատմամբ՝ խոսքը շուրջ 1000 ընտանիքի մասին է՝ սկսած 1990-ականների պատերազմից մինչև 2023 թվականի իրադարձությունները։ Նա նշել է, որ վարչապետի որոշմամբ տարածքային մարմինները պետք է աջակցեն այդ ընտանիքներին, սակայն այդ ուղղությամբ մինչ այժմ տեսանելի արդյունք չի արձանագրվել։
Մուրադյանը դժգոհություն է հայտնել մի շարք կառույցների աշխատանքից, սակայն ընդգծել է, որ ասոցիացիան պատրաստ է համագործակցել պետական և միջազգային բոլոր մարմինների հետ։
Մուրադյանը հայտնել է, որ օգոստոսի 30-ին՝ Անհետ կորածների միջազգային օրվա կապակցությամբ, Երևանի Կինոյի տանը տեղի կունենա միջոցառում։ Նա կարևորել է անհետ կորածների հարցը հանրային և պետական օրակարգում շարունակաբար բարձրաձայնելու անհրաժեշտությունը։
Armenia Today-ին Քննչական կոմիտեից հայտնել էին, որ 1992-2023 թվականներին Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած է համարվում 1016 մարդ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով՝ Հարավային Կովկասում հակամարտությունների հետևանքով անհետ կորած հայերի թիվը շուրջ 1000 է։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մարտին հայտարարել էր, որ նախատեսվում է ստեղծել անհետ կորած անձանց միասնական ռեեստր, սահմանել անհետ կորած անձի կարգավիճակը և ամրագրել նրանց ու ընտանիքների անդամների իրավունքները։
Armenia Today-ին Քննչական կոմիտեից 2025-ի հոկտեմբերին հայտնել էին, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ՝ 172 զինծառայող և 19 քաղաքացիական անձ։
2026 թվականի հուլիսին անհետ կորած զինծառայողների հարազատները հայտարարել էին, որ իշխանություններից պատասխան չստանալու դեպքում պատրաստ են ինքնուրույն որոնողական աշխատանքներ սկսել և երրորդ երկրի միջոցով կապ հաստատել ադրբեջանցի անհետ կորածների ընտանիքների հետ։ Նրանք պնդել էին, որ տարիներ շարունակ պետական մարմիններից բովանդակային տեղեկություն չեն ստացել։
