«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը Հայ Առաքելական եկեղեցու հարցով դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, Միավորված ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ), կրոնի կամ դավանանքի ազատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին և այլ միջազգային կառույցների, տեղեկացրել են միավորումից։
«Հայաքվեն» ահազանգել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ներքին կյանքին և կանոնական ինքնակառավարմանը Հայաստանի իշխանությունների միջամտության մասին։
Միավորումից հայտնել են, որ դիմումում առանձնահատուկ ուշադրություն են հրավիրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսի ու արքեպիսկոպոսների նկատմամբ հարուցված քրեական գործին, ինչպես նաև օգոստոսի 28-ին նշանակված նախնական դատական նիստին։
«Հայաքվեն» միջազգային կառույցներին կոչ է արել ուշադրության կենտրոնում պահել գործընթացը, գնահատել այն կրոնի կամ դավանանքի ազատության, եկեղեցու ինստիտուցիոնալ ինքնավարության և իրավունքի գերակայության միջազգային չափանիշների շրջանակում, ինչպես նաև ապահովել անկախ միջազգային դիտարկում։
Միավորումը հղում է արել ՀՀ Սահմանադրության 17-րդ և 18-րդ հոդվածներին, որոնք սահմանում են կրոնական կազմակերպությունների՝ պետությունից անջատ լինելը և ճանաչում եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։
«Պետությունը չի կարող եկեղեցու ներքին, հոգևոր և կանոնական կյանքին վերաբերող դատական ակտը դարձնել աշխարհիկ պետության կողմից քրեական հետապնդման հիմք»,- հայտարարել է «Հայաքվեն»։
Միավորումն ընդգծել է, որ հարցը դիտարկում է ոչ միայն կրոնական, այլև սահմանադրաիրավական և ազգային պատասխանատվության տեսանկյունից։
Իշխանություն-եկեղեցի բաց հակադրությունը սրվել էր 2025 թվականի մայիսից, երբ Փաշինյանը հրապարակայնորեն մեղադրանքներ էր հնչեցրել կաթողիկոսի հասցեին և պահանջել, որ նա հեռանա։ Հունիսին Փաշինյանն արդեն առաջարկել էր ստեղծել համակարգող խորհուրդ՝ նոր կաթողիկոսի ընտրության գործընթաց կազմակերպելու համար։ 2026-ին իշխանությունը շարունակել է պնդել Գարեգին Բ-ի հեռացման անհրաժեշտությունը, իսկ կաթողիկոսի հեռացումն ու եկեղեցու «բարենորոգումը» ներառվել են կառավարության 2026-2031 թվականների ծրագրում։
Կարդացեք նաև՝
Փաշինյանն «Աստծուց վեր» է դասում իրեն՝ հարձակվելով եկեղեցու վրա․ Ամստերդամ
Փաշինյանը Գարեգին Բ-ին մեղադրել է «նոր հեղափոխություն» սկսելու փորձի մեջ
