28.08.2026 | 13:39
Պարբերաբար ասել եմ, որ հենց մեծ կապիտալի տերերը պետք է նպաստեն քաղաքական սերնդափոխությանը, իրենց կապիտալով առաջ մղելով լավագույններին, մարդկանց` ովքեր ո՛չ թե քաղաքականությամբ են զբաղվում, այլ ապրում են քաղաքականությամբ։
Հին մեթոդները չեն աշխատում` առավել ևս ապագայում, իսկ «նոր գինին, հին տակառի մեջ չեն պահում»:
Քաղաքական սերնդափոխության համար` խեղված, դեգրադացված, դեֆորմացված քաղաքական համակարգ ունեցող պետություններում, անհրաժեշտ է քաղաքական փոխարկման (Transition) «տարանցիկ շրջան», որը պետք է ադապտացնի հնից անցումը նորին։
Որպես այդպիսի տարանցիկ շրջան կարելի է համարել 2018-2026 թվականները։ Հիմա արդեն տարանցիկ շրջանը փակվում է, ու գալիս է ճամփաբաժան` կապիտալի վերաբաժանում – պետության ավտորիտարացման միջոցով, կամ` սերնդափոխության գործնականացում ժողովրդավարացման տեսիլքով։
Ճակատագրի բերմամբ թե իրերի պատահական դասավորմամբ այդ գործընթացը այս պահին կարող են սկսել նրանք, ովքեր հետապնդման այս փուլի առաջին ալիքի տակ են։
Արա Լ․ՊՈՂՍՈՍՅԱՆ