Նեպալի իշխանությունները մերժել են մի քանի երկրների առաջարկները՝ որոնողական-փրկարարական խմբեր ուղարկելու վերաբերյալ՝ առնվազն 469 մարդու կյանք խլած ավերիչ ջրհեղեղներից հետո, հայտնել է The Times of India-ն։
Հրապարակման համաձայն՝ մոտ 1000 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։ Որոնողական-փրկարարական գործողություններին մասնակցում է ավելի քան 4300 նեպալցի ոստիկան։
Երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ փրկարարներ ուղարկելու առաջարկներ են ստացվել Չինաստանից և այլ երկրներից, սակայն իշխանությունները որոշել են գործողությունն անցկացնել ազգային ուժերով։ Նրանք այս որոշումը մասամբ բացատրել են 2015 թվականի երկրաշարժի փորձով, երբ արտասահմանյան փրկարարական խմբերի մեծ թիվը համակարգման դժվարություններ էր ստեղծել։
Այնուամենայնիվ, Նեպալը չի մերժում միջազգային ֆինանսական և մարդասիրական օգնությունը։ Իշխանությունները նաև հույս ունեն արտաքին աջակցություն ներգրավել տուժած տարածքների վերականգնման փուլում։
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել էր 469-ի, ևս 977 մարդ համարվում է անհետ կորած։
