Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Օրմուզի նեղուցով նավերի անցման ժամանակավոր սխեման, իսկ Թեհրանը պատրաստվում է ներկայացնել նեղուցում բնականոն երթևեկությունը վերականգնելու իր պայմանները, հայտնում է ISNA-ն։
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի խոսքով՝ համաձայնեցված երթուղու մի մասն անցնում է Օմանի, մյուսը՝ Իրանի ջրերով։ Նավերի համար կբացվի նաև կենտրոնական միջամցքը՝ ԱՄՆ-ի կողմից Թեհրանի պայմանների կատարման դեպքում։
Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ դիվանագիտական ջանքերն ակտիվացել են Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամեդ բին Աբդուլռահման Ալ Թանիի՝ Թեհրան կատարած այցից հետո, գրել է Reuters-ը։ Նա Իրանի ղեկավարության հետ հանդիպումներում շեշտել է միջազգային իրավունքի համաձայն նավարկության ազատությունը պահպանելու անհրաժեշտությունը։
Իրանը դեռ չի վերանայել նեղուցի վերաբացման իր պահանջները՝ իր նավահանգիստների շրջափակման դադարեցումը, պատերազմի հետևանքով կրած վնասների փոխհատուցումը և ամերիկյան պատժամիջոցների վերացումը։
ԱՄՆ զինվորականները հայտարարել են, որ միջազգային նավագնացության ուղիները բաց են, իսկ նեղուցում տեղադրված ականները հեռացվել են։ Այդուհանդերձ, առևտրային նավերի մեծ մասը շարունակում է խուսափել երթուղուց․ նավերի շարժը ներկայում կազմում է մինչպատերազմյան բնականոն ծավալի մոտ 5-15%-ը։ Reuters-ի տվյալներով՝ պատերազմի սկզբից նեղուցում արձանագրվել է 70 միջադեպ, որոնց հետևանքով 19 նավաստի է զոհվել։
Ռուսաստանը չի ցանկանում, որ Օրմուզի նեղուցով անցման համար վճար սահմանվի, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշել է, որ այդ հարցը դեռ բանակցությունների առարկա է։
Ավելի վաղ իրանական կողմը հայտնել էր, որ Իրանը և Օմանը պայմանավորվել են ստեղծել համատեղ կառավարվող ժամանակավոր ծովային միջանցք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցի միջազգային ջրերում բոլոր ականները ոչնչացվել կամ հեռացվել են։ Նա նաև Իրանին կոչ էր արել չխոչընդոտել նավերի ազատ տեղաշարժին։
Հորմուզի նեղուցով անցման համար վճար սահմանելու գաղափարին դեմ են արտահայտվել մի շարք պետություններ։ Օգոստոսի 27-ին Ճապոնիան և Գերմանիան ընդգծել են, որ նավարկությունը պետք է լինի ազատ և անվտանգ՝ առանց լրացուցիչ վճարների։
Նման համատեղ հայտարարուն են արել նաև Ճապոնիան և Քուվեյթը։ ԱՄՆ-ն ու Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրները մերժել են նեղուցում տուրքերի կամ միակողմանի վերահսկողության սահմանումը, իսկ ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել վճարների համակարգի ներդրմանը մասնակցած անձանց և կառույցների նկատմամբ։
