Թրամփը չի սպասում ՆԱՏՕ- ի վրա Ռուսաստանի հարձակմանը, մինչդեռ AP-ն հայտնում է Եվրոպայում Patriot-ի հրթիռների պակասի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի անհանգստանում Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի երկրների վրա հնարավոր հարձակումից։ «Ինձ դա բոլորովին չի անհանգստացնում։ Ոչ մի խնդիր չկա»,- ասել է նա Axios-ին տված հեռախոսային հարցազրույցում։

Զրույցի ընթացքում լրագրողները անդրադարձել են ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի՝ Ռուսաստան կատարած վերջին այցին (մանրամասները` այստեղ

Թրամփը Axios-ին ասել է, որ ԿՀՎ տնօրենը որեւէ նախազգուշացում չի փոխանցել Մոսկվային։ «Ռեթքլիֆը վեց ամիսը մեկ կամ տարին մեկ հանդիպում է իր ռուս գործընկերոջ հետ։ Նրանք շատ լավ հարաբերություններ ունեն։ Ոչ մի ուղերձ չի եղել, եւ ոչ մի արտասովոր բան տեղի չի ունեցել»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Ավելի ուշ Թրամփին կրկին հարցրել են Ռուսաստանի կողմից հնարավոր հարձակման մասին։ Նա հայտարարել է, որ չի ցանկանում մեկնաբանել դա, սակայն հավելել է. «Նրանք չեն պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի տարածքի վրա»։

Միաժամանակ Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերը Patriot-ի հրթիռների պակաս են զգում, հայտնում է Associated Press-ը։

ԱՄՆ զինված ուժերը Patriot հակահրթիռային համակարգերի հրթիռների լուրջ պակաս են զգում, ինչի վրա ազդել է Իրանի հետ հակամարտությունը, գրում է գործակալությունը` հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ AP- ի` Իրանի հետ հակամարտության ընթացքում ամերիկացի զինվորականները ծախսել են Patriot-ի հրթիռների 65 տոկոսը՝ պահեստում եղած 2,3 հազար հրթիռներից 1,5 հազարը։ Եվրոպայում ամերիկացի զինվորականները «միանշանակ» բավարար քանակությամբ Patriot-ի հրթիռներ չունեն՝ ցանկացած հնարավոր երկարատեւ հրթիռային հարձակումը կանգնեցնելու համար, AP-ին հայտարարել է ամերիկացի պաշտոնյան։

Միեւնույն ժամանակ, Պենտագոնի մամուլի քարտուղար Շոն Փարնելը ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին պնդումները կեղծ է անվանել։ Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերի շտաբի ներկայացուցիչ, գնդապետ Մարտին Օ’Դոնելը նույնպես հայտարարել է, որ Եվրոպայում Patriot-ի հակաօդային հրթիռների կրիտիկական մակարդակի մասին պնդումները «պարզապես չեն համապատասխանում իրականությանը»։

Leave a Comment