Լեհաստանում հայտարարել են, որ չեն ցանկանում իրենց տարածքում միջուկային մարտագլխիկներ տեղակայել

Լեհաստանը չի ցանկանում և մտադիր չէ իր տարածքում միջուկային զենք տեղակայել։ Այս մասին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, լրագրողներին հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Պավել Զալևսկին։

«Ո՛չ։ Ուզում եմ այս մասին հստակ և բաց ասել․ Լեհաստանը չի ցանկանում իր տարածքում միջուկային մարտագլխիկներ ունենալ»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Զալևսկին, որի խոսքերը մեջբերում է PAP գործակալությունը։ Լեհաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ Վարշավան ցանկանում է մասնակցել ՆԱՏՕ-ի միջուկային զսպման ռազմավարությանը, սակայն առանց երկրի տարածքում միջուկային զենք տեղակայելու։

Փետրվարի կեսերին Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին Polsat հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Լեհաստանը պետք է ձգտի միջուկային զենքի հասանելիություն ստանալուն։ Իր հերթին Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին ընդգծել էր, որ երկրի իշխանությունները նման հնարավորությունը չեն քննարկում։ Միաժամանակ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկած «միջուկային հովանոց» նախագծի նկատմամբ հետաքրքրության մասին։

Leave a Comment