Բաքուն ՌԴ-ից պատասխան է պահանջել դեսպանատան մոտ տեղի ունեցած միջադեպի համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է օգոստոսի 27-ին Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան հյուրատան առջև անհայտ անձանց՝ հակաադրբեջանական բնույթի պատկերների տեղադրումը, տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։

Ադրբեջանը չի բացառել, որ բացի ադրբեջանա-ռուսական հարաբերությունները արհեստականորեն սրելու փորձից, դա Ադրբեջանի դեմ վերջերս որոշ ռուսական լրատվամիջոցների իրականացրած արշավի մի մասը լինի։

«Ադրբեջանական կողմը կոչ է անում ՌԴ համապատասխան մարմիններին տալ նման սադրիչ գործողությունների պատշաճ իրավական գնահատական, ապահովել միջադեպի համապարփակ հետաքննություն և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ կրկնությունը կանխելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը ակնկալիք է հայտնել, որ ռուսական կողմը լիովին կկատարի 1961 թվականի Վիեննայի դիվանագիտական ​​հարաբերությունների մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները՝ ապահովելու Ադրբեջանի դեսպանատան և դրա անձնակազմի անվտանգության բավարար մակարդակ, ինչպես նաև կանխելու ցանկացած սադրիչ գործողություն, որը կարող է խոչընդոտել դիվանագիտական ​​​​առաքելության բնականոն գործունեությունը։

Օգոստոսի 18-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում էր հայտարարել Ռուսաստանի 3 քաղաքացիների՝ լրագրողներ Իվան Կնյազևի և Սեմյոն Ուրալովի, ինչպես նաև լրագրող Ալեքսեյ Չադաևի՝ Ռուսաստանի տրանսպորտի նախարարի խորհրդականի նկատմամբ: Նրանց դեմ քրեական գործեր են հարուցվել ահաբեկչության հրապարակային կոչերի, պետության դեմ կոչերի և էթնիկ ատելության ու թշնամանքի հրահրման հոդվածներով:

Նույն օրը Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, նախարարությունը բողոք է հայտնել դեսպանին վերջերս ռուսական լրատվամիջոցներում և տեղեկատվական տարածքում Ադրբեջանի մասին արված «սադրիչ, վիրավորական և սպառնալից» հայտարարությունների կապակցությամբ:

Leave a Comment