Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀԱՊՀ-ի ռեկտոր Գոռ Վարդանյանի ընտրության արդյունքները

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները: Այս մասին հաղոդում է Iravaban.net-ը՝ վկայակոչելով ՀՀ կառավարությանը։

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա նշել է, որ բուհի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարած մրցույթին մասնակցելու համար գրանցվել է երեք հավակնորդ։ Ընտրությունը կայացել է մեկ փուլով, որի արդյունքում 18 կողմ ձայնով բուհի ռեկտոր է ընտրվել տեխնիկական գիտությունների թեկնածու Գոռ Վարդանյանը՝ հինգ տարի ժամկետով։

Ներկայացնելով ռեկտորին՝ նախարարը նշել է, որ նախորդ ժամանակահատվածում նա ղեկավարել է բուհը, և այս ընթացքում Պոլիտեխնիկը գրանցել է դրական արդյունքներ։

«Բարձրագույն կրթության բարեփոխումներում առանցքային կարևորություն ունի տեխնոլոգիական բուհի ձևավորումը, որտեղ Պոլիտեխնիկական համալսարանն ունենալու է առանցքային նշանակություն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ Կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ծրագրով նախատեսվում է տեխնոլոգիական կլաստերի ձևավորում ակադեմիական քաղաքում, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Leave a Comment