Ճիշտ է, ադրբեջանցի քաղաքագետը արձանագրել է, որ Իսրայելի և Սիրիայի «պաշտոնական ներկայացուցիչները Հորդանանում հանդիպել են, և երկրորդը կարող է կայանալ Բաքվում», բայց նրա առաջին դիտարկումը վկայում է, որ Ադրբեջանը միջնորդական չափազանց ծանր պատասխանատվությունից խուսափել է կամ կողմերից մեկը Իլհամ Ալիևին «այլևս չի վստահում»։
Բացառված չէ, որ Իսրայելի կառավարությունը վերջերս Իրանի և Ադրբեջանի նախագահների միջև փոխանակված «սիրալիրություններից անակնկալի են եկել»։ Այս առումով խիստ ուշագրավ հայտարարություն է արել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Յահյա Ռաիմ Սաֆավին։ Նա «Մեքքայի համաձայնագրին» Իրանի միանալու առաջարկությունը «հետաքրքիր» է գնահատել և անմիջապես հավելել, որ նման «դաշինքի կայացմանը նպաստել է Իրանը՝ տարածաշրջանի երկրներին համոզելով, որ ԱՄՆ հետ դաշնակցությունը անվտանգության երաշխիք» չէ։
Գեներալ Սաֆավին պարզաբանել է, որ Իրանի համար «կարևոր է նոր ձևաչափին Իրաքի մասնակցությունը», քանի որ տարածաշրջանի երկրների «ինքնիշխանության և ամբողջականության պահպանման համար անհրաժեշտ է լայն երկխոսություն»։
Այս իրավիճակում կարևոր է, թե արդյոք Ադրբեջանը «Մեքքայի համաձայնագրին» որևէ ձևով միանալու առաջարկություն ստացե՞լ է։ Նոր «անվտանգային համակարգի» երեք մասնակիցներից Թուրքիայի հետ Ադրբեջանը կապված է ռազմական փոխադարձ օգնության պայմանագրով, Պակիստանը նրա ռազմավարական գործընկերն է։ Ադրբեջանը նաև սերտ կապեր ունի Սաուդյան Արաբիայի հետ։
Անվտանգային ի՞նչ միջավայր կձևավորվի Հարավային Կովկասում, եթե Ադրբեջանը որոշի միանալ «իսլամական ՆԱՏՕ-ին»։ Խոսքը «այստեղ և այժմ» անդամակցության մասին չէ, դա կարող է ուշանալ։ Բայց փաստ է, որ Մեծ Մերձավոր Արևելքում ձևավորվել է ուժային նոր կենտրոն, որի հետ ոչ ոք չի կարող հաշվի չնստել։
Կարդացել են
անգամ