ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն սպառնացել է զանգվածային ազատումներ իրականացնել իրավապահ համակարգում, եթե սահմանված ժամկետում չբացահայտվեն նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և քաղաքական այլ գործիչներին առնչվող գործերով տեղեկատվության արտահոսքի աղբյուրները։
Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցում՝ մեկնաբանելով համապատասխան վարույթները։
«Ինձ պետք են անուններ և ապացույցներ։ Եթե չլինեն, ուղիղ ասում եմ՝ իրավապահ համակարգի՝ իմ որոշումների տիրույթում գտնվող հատվածում զանգվածային ազատումներ են լինելու»,- հայտարարել է Փաշինյանը։
Նա պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է իրավապահ համակարգի այն հատվածին, որտեղ կադրային որոշումները գտնվում են իր լիազորությունների տիրույթում։
«Որ չասեք՝ զանգվածային՝ մտնելու եմ շենք, ով աչքիս դեմ դուրս եկավ, հրաման եմ տալու՝ ազատում։ Սպառնում եմ, ահավոր, սաստիկ ձևով սպառնում եմ։ Չէ, կատակ չեմ անում»,- ասել է վարչապետը։
