Գենդերն այն հասարակական պատկերացումների, դերերի, վարքագծի ակնկալիքների և նորմերի ամբողջությունն է, որոնք հասարակությունը ձևավորում է կանանց, տղամարդկանց, աղջիկների և տղաների վերաբերյալ։ Սեռը վերաբերում է մարդու կենսաբանական առանձնահատկություններին, իսկ գենդերը՝ այն պատկերացումներին, թե հասարակությունը ի՞նչ է ակնկալում աղջկանից կամ տղայից, կնոջից կամ տղամարդուց։
Երեխան գենդերային դերերի մասին առաջին պատկերացումները, սովորաբար, ստանում է ընտանիքում, հետո դրանք կարող են ամրապնդվել կամ վերանայվել մանկապարտեզում, ապա՝ դպրոցում, դասագրքերում, ընկերական միջավայրում։
Գենդերային հավասարությունը չի նշանակում, որ բոլոր երեխաները պետք է նույնը դառնան։ Երեխան պետք է հնարավորություն ունենա ընտրելու՝ ով է ուզում դառնալ՝ առանց այն սահմանափակման, որ որոշ մասնագիտություններ, վարքագծեր կամ երազանքներ «աղջկա» կամ «տղայի» համար են։


Երբ երեխային տարիներ շարունակ փոխանցվում է, որ որոշ գործունեություններ «աղջիկներինն են», իսկ մյուսները՝ «տղաներինը», դա կարող է ազդել նրա հետաքրքրությունների, ինքնավստահության և հետագայում մասնագիտական կողմնորոշման վրա։
Այստեղ էլ առաջանում է հիմնական հարցը.
«Երեխա՞ն է ընտրում իր ապագան, թե՞ մենք ենք ընտրում նրա փոխարեն»։
Որտե՞ղ է այն սահմանը, որից հետո մենք արդեն ոչ թե ուղղորդում, այլ ընտրում ենք երեխայի փոխարեն։
Եվ հատկապես՝ արդյո՞ք աղջիկներին և տղաներին մենք նույն հնարավորություններն ենք տալիս՝ դառնալու այն մարդը, որը նրանք ցանկանում են լինել։
«Դպրության» տաղավարում այս և այլ հարցերի պատասխանները՝ «Ծնողի դպրոց» հասարակական կազմակերպության դասընթացավարներ, ծնողավարության ու ծնողական խորհրդատվության մասնագետներ, հոգեբաններ Արմինե Վարդանյանից և Լուսինե Աղաբեկյանից։