«Անգիր սովորելն» այլևս չի բավականացնի․ վարորդական իրավունք ստանալու նոր կարգ է առաջարկվում

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացում նախատեսվում են էական փոփոխություններ։ Օրենսդրական փաթեթով առաջարկվում է ներդնել տրանսպորտային միջոց վարելու ուսուցման գործունեության լիցենզավորման համակարգ, ինչը նշանակում է, որ վարորդական իրավունք ստանալու քննություններին մասնակցելու համար քաղաքացին պետք է ուսուցում անցած լինի լիցենզավորված կազմակերպությունում կամ անհատ ձեռնարկատիրոջ մոտ։

Ինչո՞ւ է առաջարկվում փոփոխությունը

Նախագծի հիմնավորման համաձայն՝ գործող կարգավորումները բավարար պետական վերահսկողություն չեն ապահովում վարորդների ուսուցման գործընթացի նկատմամբ։

Նշվում է, որ բազմաթիվ քաղաքացիներ տեսական քննությանը պատրաստվում են պարզապես քննական հարցաշարերն անգիր սովորելով, իսկ գործնական քննությանը՝ հիմնականում հենց այն վայրերում վարելու միջոցով, որտեղ սովորաբար անցկացվում են քննությունները։

Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ նման մոտեցումը չի երաշխավորում ճանապարհային երթևեկության կանոնների պատշաճ իմացություն և գործնական հմտությունների ձևավորում։

Ո՞վ կարող է վարորդական ուսուցում իրականացնել

Նոր կարգավորմամբ տրանսպորտային միջոց վարելու ուսուցման գործունեություն կարող են իրականացնել միայն տվյալ գործունեության լիցենզիա ստացած՝

  • իրավաբանական անձինք,
  • անհատ ձեռնարկատերերը։

Ուսուցումը պետք է ներառի երկու հիմնական բաղադրիչ՝

  1. տեսական գիտելիքների ուսուցում,
  2. գործնական վարման ուսուցում։

Միաժամանակ, վարորդական իրավունքի վկայական ստանալու քննություններին թույլատրվելու համար անհրաժեշտ կլինի ունենալ լիցենզավորված ուսուցում անցած և դրական գնահատական ստացած լինելը հավաստող փաստաթուղթ։

Ի՞նչ պահանջներ են սահմանվելու ավտոդպրոցների համար

Լիցենզիա ստանալու համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը պետք է ունենա առնվազն երկու համապատասխան որակավորում ունեցող աշխատող՝

  • մեկ տեսական ուսուցում իրականացնող,
  • մեկ գործնական վարման ուսուցում իրականացնող։

Գործնական վարման ուսուցում իրականացնող անձը պետք է ունենա տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու վարորդական իրավունքի վկայական։

Ինչպե՞ս պետք է անցկացվի գործնական ուսուցումը

Վարելու սկզբնական ուսուցումը պետք է իրականացվի ավտոդրոմում կամ ավտոհրապարակում։

Դրանց բացակայության դեպքում ուսուցումը կարող է իրականացվել ճանապարհային երթևեկությունից մեկուսացված փակ տարածքում, որը պետք է համապատասխան կահավորում ունենա։

Ուսուցման համար օգտագործվող մեքենան պետք է ունենա համապատասխան ճանաչման նշան, ինչպես նաև՝

  • վարել սովորեցնողի համար նախատեսված հետին տեսանելիության հայելի,
  • կցորդման լրացուցիչ ոտնակ՝ բացառությամբ ավտոմատ փոխանցման տուփով մեքենաների,
  • արգելակման լրացուցիչ ոտնակ։

Գործնական ուսուցումը կարող է իրականացվել նաև այն ճանապարհներին, որտեղ դրա անցկացումը չի արգելվել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։

Ավտոդպրոցները այլ առևտրային գործունեությամբ զբաղվել չեն կարողանա

Նախագծով նախատեսվում է, որ տրանսպորտային միջոց վարելու ուսուցման գործունեություն իրականացնող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը այլ առևտրային գործունեությամբ զբաղվելու իրավունք չի ունենա։

Պետությունը վերահսկելու է ավտոդպրոցների գործունեությունը

Լիցենզավորող մարմինը վերահսկողություն է իրականացնելու լիցենզավորված ուսուցում իրականացնողների գործունեության նկատմամբ։

Մասնավորապես, հնարավոր կլինի ստուգումներ իրականացնել ինչպես կազմակերպությունների և ԱՁ-ների մոտ, այնպես էլ ուսուցման ծառայությունների մատուցման վայրերում։

Առանձին կարգավորմամբ լիցենզավորող մարմնին հնարավորություն է տրվում նաև առանց նախապես նախազգուշացնելու ստուգել, թե սովորողները փաստացի մասնակցո՞ւմ են դասընթացներին, թե՞ ոչ։

Ավտոդպրոցները յուրաքանչյուր կիսամյակ պարտավոր են լինելու հաշվետվություն ներկայացնել իրենց գործունեության վերաբերյալ։

Կստեղծվի ավտոդպրոցների էլեկտրոնային գրանցամատյան

Նախատեսվում է ստեղծել տրանսպորտային միջոց վարելու ուսուցման գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի էլեկտրոնային գրանցամատյան։

Դրանում ներառվելու են, մասնավորապես՝

  • լիցենզավորված կազմակերպության կամ ԱՁ-ի տվյալները,
  • լիցենզիայի համարը,
  • լիցենզիայի տրամադրման ամսաթիվը,
  • այն տրանսպորտային միջոցի կարգը կամ ենթակարգը, որի ուսուցման համար լիցենզիա է տրվել,
  • լիցենզիայի կասեցման կամ դադարեցման վերաբերյալ տեղեկությունները,
  • իրականացված ստուգումների վերաբերյալ տվյալները։

Ավտոդպրոցների համար նախատեսվում է նաև վարկանիշավորում

Լիցենզավորող մարմինը վարորդական իրավունքի քննությունների արդյունքների հիման վրա հնարավորություն կունենա վարկանիշավորել ավտոդպրոցներին և հրապարակել այդ վարկանիշը։

Այս մեխանիզմի նպատակը ավտոդպրոցների միջև մրցակցության խթանումն ու ուսուցման որակի շարունակական բարելավումն է։

Այսինքն՝ քաղաքացիները հետագայում կարող են հնարավորություն ունենալ ոչ միայն ընտրել լիցենավորված ավտոդպրոց, այլև հաշվի առնել դրա քննությունների արդյունքներով ձևավորված վարկանիշը։

Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսվում

Պահանջները խախտելու դեպքում ավտոդպրոցների կամ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ կարող են կիրառվել՝

  • նախազգուշացում և խախտումը վերացնելու հանձնարարական,
  • լիցենզիայի գործողության կասեցում,
  • լիցենզիայի գործողության դադարեցում։

Քննություններ ընդունող աշխատողների համար՝ նոր սահմանափակում

Նախագծով նախատեսվում է նաև շահերի բախման հնարավոր ռիսկերը նվազեցնել։

Վարորդական իրավունքի վկայական ստանալու քննություններ ընդունող ստորաբաժանման ղեկավարը կամ քննություն ընդունող աշխատակիցը աշխատանքից ազատվելուց հետո երկու տարվա ընթացքում չի կարող աշխատել վարորդական ուսուցում իրականացնող իրավաբանական անձի մոտ կամ հանդես գալ որպես այդպիսի գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատեր։

Ե՞րբ կարող են փոփոխություններն ուժի մեջ մտնել

Օրենքի նախագիծը նախատեսում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո։

Նույն ժամանակահատվածում պետք է ընդունվեն նաև օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը։

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

Նախագծի հեղինակները ակնկալում են, որ նոր համակարգը կնպաստի ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը։

Միաժամանակ ակնկալվում է նվազեցնել վարորդական քննություններ ընդունող ստորաբաժանումների ծանրաբեռնվածությունը և դրա արդյունքում՝ նաև քննությունների հերթերը։

Կարևոր է․ ներկայացվածը օրենսդրական նախագծով առաջարկվող կարգավորումների ամփոփումն է։ Քանի դեռ փոփոխությունները վերջնականապես չեն ընդունվել և չեն ուժի մեջ մտել, դրանք գործող իրավական պահանջներ չեն։

Նախագծին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։

Leave a Comment