
Ozon ընկերությունը հայտնել է, որ Օրենբուրգում և Ուֆայում գտնվող իր լոգիստիկ կենտրոնները ենթարկվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմանը: Օրենբուրգի պահեստի վրա սա արդեն երկրորդ հարձակումն է:
Ընկերության տարածած հայտարարության համաձայն՝ բոլոր աշխատակիցներն օպերատիվ կերպով տարհանվել են, նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, և հրդեհ չի բռնկվել: Օրենբուրգի օբյեկտն արդեն վերսկսել է իր բնականոն աշխատանքը՝ ընդամենը մեկ օրով սահմանափակելով FBS համակարգով բեռների ընդունումը:
Ինչ վերաբերում է Ուֆայի լոգիստիկ համալիրին, ապա այն ստացել է չնչին վնասվածքներ, սակայն այս պահին դեռ փակ է:
Ուկրաինական կողմը հուլիսի 18-ից սկսել էր թիրախավորել Wildberries-ի պահեստները, իսկ օգոստոսի 22-ից հարձակումներ սկսվեցին ռուսական երկրորդ ամենախոշոր առցանց խանութի՝ Ozon-ի դեմ: Առաջին հարվածը հասցվել էր Սամարայի մարզի Չապաև քաղաքում, իսկ հաջորդ օրը թիրախ էր դարձել Օրենբուրգը: Դրանից հետո՝ օգոստոսի 24-ին, միանգամից չորս տարածաշրջանների՝ Մախաչկալայի, Կրասնոդարի, Ադիգեայի և Նևինոմիսկի պահեստներն էին ենթարկվել հարձակման: