ՀՀ կառավարությունն օգոստոսի 27-ի նիստում որոշում է կայացրել Լեհաստանում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք սահմանելու մասին։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից՝ հավատարմագրման պաշտոնական ընթացակարգերն անցնելուց և Վարշավայի համաձայնությունը ստանալուց հետո։
Պաշտպանության նախարարությունը որոշումը հիմնավորել է պաշտպանության և ռազմատեխնիկական ոլորտներում հայ-լեհական համագործակցության զարգացմամբ։
Իշխանություններն այս քայլը կապում են Վարշավայի հետ պաշտպանական և ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման հետ՝ Լեհաստանը դիտարկելով որպես կարևոր կապող օղակ ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերություններում։
Որոշման հիմնավորման մեջ Պաշտպանության նախարարությունը նշում է պաշտպանական ոլորտում Լեհաստանի հետ հարաբերությունների զարգացման «զգալի ներուժը» և փոխգործակցության խորացման ուղղությամբ լեհական կողմի՝ վերջին շրջանում ցուցաբերած մեծ հետաքրքրությունը։
Համագործակցության համար նոր հիմք է դարձել 2026 թվականի փետրվարի 26-ին Վարշավայում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը։
Հայաստանն ու Լեհաստանն արդեն իսկ համագործակցում են ռազմական հրահանգիչների պատրաստման, միջազգային խաղաղապահ առաքելությունների, զինված ուժերում քաղաքացիական վերահսկողության և հակակոռուպցիոն մեխանիզմների ներդրման ոլորտներում։
Հետագայում Երևանը նախատեսում է ընդլայնել համագործակցությունը ռազմական կրթության, արհեստավարժ սերժանտական կազմի պատրաստման, մարտական պատրաստության և ռազմական բժշկության ուղղություններով, ինչպես նաև անցկացնել պարբերական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ։
Ռազմական կցորդը զբաղվելու է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև ուղղակի կապերի զարգացմամբ, համատեղ ծրագրերի և ռազմական պատվիրակությունների այցերի համակարգմամբ, ինչպես նաև ներկայացնելու է Հայաստանը զորավարժություններում, սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդեսներում։
Գերատեսչությունում ընդգծել են, որ Լեհաստանը դիտարկվում է որպես «կարևորագույն կամուրջ» Հայաստանի և ՆԱՏՕ-ի, ինչպես նաև Եվրոպական միության միջև։
Ռազմական կցորդը պատասխանատու է լինելու երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև պաշտոնական կապերի հաստատման, համագործակցության ծրագրերի իրականացման և պատվիրակությունների այցերի կազմակերպման համար։
Կցորդի գործունեության ֆինանսավորումը նախատեսված է ՀՀ ՊՆ 2027 թվականի բյուջեով՝ միջազգային ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում։
