Կառավարությունը $3․4 մլն է հատկացրել Անկախության 35-ամյակի տոնակատարությանը

ՀՀ կառավարությունն օգոստոսի 27-ի նիստում որոշում է կայացրել պահուստային ֆոնդից 1,327 մլրդ դրամ (մոտ $3,4 մլն) հատկացնել Հայաստանի Անկախության հռչակման 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման համար։

Ծախսերի ամենախոշոր հոդվածը՝ 1,031 մլրդ դրամ (շուրջ $2,65 մլն), նախատեսված է սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք գլխավոր տոնական համերգի համար։ Իշխանություններն ակնկալում են շուրջ 40 հազար հանդիսատեսի մասնակցություն։

Հանրապետության հրապարակի ծրագիրը բաղկացած է լինելու «Հազարան բլբուլ» հեքիաթի և առասպելի մոտիվներով պատմամշակութային ներկայացումից և համերգից։ Միջոցառմանը ելույթ են ունենալու Թաթա Սիմոնյանը, Արման Հովհաննիսյանը, Իվետա Մուկուչյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Գևորգ Հակոբյանը, Արամ MP3-ը, «Կարեն-Սևակ Բենդը», Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հովհաննես Չեքիջյանի անվան ազգային ակադեմիական երգչախումբը և այլ կատարողներ։

Մայրաքաղաքից զատ, տոնական համերգային ծրագրեր են նախատեսված նաև մարզային չորս քաղաքներում։

Կապան (81,7 մլն դրամ)․ սեպտեմբերի 19-ին տեղի կունենա համերգ «Լավ էլի», «Ռեինկարնացիա» և «Նեմրա» խմբերի մասնակցությամբ (ակնկալվում է 10–12 հազար հանդիսատես)։
Վանաձոր (95,4 մլն դրամ)․ սեպտեմբերի 18-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարմամբ հանդես կգա «Սիմֆոնիկ ռոք» ծրագրով (ակնկալվում է 4–5 հազար հանդիսատես)։

Գյումրի (83,9 մլն դրամ)․ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնելու է «Անկախության սիմֆոնիա» նախագիծը (ակնկալվում է շուրջ 7 հազար հանդիսատես)։
Իջևան (34,5 մլն դրամ)․ սեպտեմբերի 21-ին կենտրոնական հրապարակում կանցկացվի «Անկախության ռիթմը» համերգը (ակնկալվում է շուրջ 3 հազար հանդիսատես)։

Բոլոր միջոցառումների ֆինանսավորումն իրականացվելու է Կառավարության պահուստային ֆոնդից։

Leave a Comment