Մարզահամերգային համալիրի 1.34 մլրդ դրամ վարկի մարման ժամկետը կերկարաձգվի

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի օդափոխության և հակահրդեհային համակարգերի վերազինման աշխատանքները սահմանված ժամկետում ավարտել չի հաջողվի։ Այդ պատճառով առաջարկվում է համալիրին տրամադրված 1.34 մլրդ դրամ բյուջետային վարկի մարման ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով՝ երկու տարուց դարձնելով երեք տարի։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության օգոստոսի 27-ի նիստի օրակարգում  ընդգրկված համապատասխան նախագծերից։

Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը, առկա իրավիճակը և անհրաժեշտությունը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի օդափոխության համակարգի վերազինման, հակահրդեհային համակարգի ստեղծման և նշված համակարգերի վերազինման համար էլեկտրական համակարգի արդիականացման նպատակով ՀՀ կառավարության 2024թ․ նոյեմբերի 15-ի թիվ 1796-Ն որոշմամբ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին ՀՀ պետական բյուջեից տրամադրվել է 1,343,651․1 հազ․դրամ բյուջետային վարկ՝ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վերաֆինանսավորման տարեկան 7,25 տոկոս տոկոսադրույքով, երկու տարի մարման ժամկետով։

Նշված որոշման 3-րդ կետով սահմանվել է, որ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին տրամադրված վարկի հիմնական գումարի և հաշվարկվող տոկոսների վճարումները կատարվում են վարկի մարման ժամկետի ավարտին՝ մեկանգամյա վճարումով, իսկ 5-րդ կետով, որ տրամադրվող վարկն իր գործողության ընթացքում կարող է փոխակերպվել կանոնադրական կապիտալում ներդրման՝ ընկերության կողմից համապատասխան ֆինանսատնտեսական ցուցանիշների ապահովման դեպքում։

ՀՀ կառավարության 2025թ․ մայիսի 15-ի թիվ 589-Ա որոշմամբ սահմանվել են «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին ՀՀ պետական բյուջեից տրամադրված վարկի ընկերության կանոնադրական կապիտալում ներդրման համար ընկերության կողմից ապահովման ենթակա ցուցանիշները, մասնավորապես՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի օդափոխության համակարգի վերազինման, հակահրդեհային համակարգի ստեղծման և նշված համակարգերի վերազինման նպատակով էլեկտրական համակարգի արդիականացման աշխատանքների ավարտ է սահմանվել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 25-ը։

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի տնօրենը գրությամբ դիմել է Պետական գույքի կառավարման կոմիտե՝ ներկայացնելով օդափոխության համակարգի վերազինման, հակահրդեհային համակարգի ստեղծման և նշված համակարգերի վերազինման համար էլեկտրական համակարգի արդիականացման նպատակով իրականացվող աշխատանքների մասին տեղեկատվություն։

Նշված աշխատանքներում առաջացած խնդիրներով պայմանավորված Մարզահամերգային համալիրի օդափոխության համակարգի վերազինման, հակահրդեհային համակարգի ստեղծման և նշված համակարգերի վերազինման համար էլեկտրական համակարգի արդիականացման նպատակով իրականացվող աշխատանքները հնարավոր չէ ավարտին հասցնել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 25-ը։

Սույն նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության 2024թ․ նոյեմբերի 15-ի թիվ 1796-Ն որոշման մեջ կատարել ժամկետային փոփոխություն, համաձայն որի «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին ՀՀ պետական բյուջեից տրամադրված 1,343,651․1 հազ․դրամ բյուջետային վարկի մարման ժամկետը երկու տարվա փոխարեն կսահմանվի երեք տարի։

 Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը

Նախագիծը մշակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից։

 Լրացուցիչ ֆինանսական միջոցների ահրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների ահրաժեշտություն և պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազում չի նախատեսում։

 Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք

Նախագծի ընդունումը այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի:

 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և /կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա  որոշմամբ  հաստատված  ՀՀ կառավարության գործունեության ծրագրի «6.7 ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» բաժնի 2-րդ պարբերության 8-րդ կետից։

Leave a Comment