Meta-ն համաձայնել է վճարել մինչև 18 միլիարդ դոլար՝ երեխաներին հասցված վնասի հայցով

Meta-ն համաձայնել է վճարել մոտ 18 միլիարդ դոլար՝ կարգավորելու ԱՄՆ մի շարք նահանգների հայցերը, որոնցում ընկերությունը մեղադրվում է երեխաների և դեռահասների համար կախվածություն առաջացնող սոցիալական մեդիա հարթակներ ստեղծելու և նրանց հոգեկան առողջությանը վնաս հասցնելու մեջ։

Չորեքշաբթի հայտարարված համաձայնագրով ավարտվում է Meta-ի դեմ տարիներ շարունակ ընթացող խոշոր իրավական պայքարներից մեկը։ Գործարքը նախատեսում է ոչ միայն ֆինանսական փոխհատուցում, այլև ընկերության հարթակներում մի շարք փոփոխությունների իրականացում։ Մասնավորապես, դատարան ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ դեռահաս օգտատերերի համար նախատեսվում է սահմանել սոցիալական հարթակներից օգտվելու օրական ժամանակային սահմանափակումներ։

Ընդհանուր գումարից ավելի քան 17 միլիարդ դոլարը նախատեսված է 2023 թվականին ԱՄՆ 29 նահանգների կողմից համատեղ ներկայացված հայցի կարգավորման համար։ Մնացած գումարը կուղղվի այլ նահանգների և տարածքների պահանջների կարգավորմանը։ Meta-ի հաղորդմամբ՝ վճարումների մի մասը կօգտագործվի նահանգային «երիտասարդների առցանց անվտանգության նախաձեռնությունների» ֆինանսավորման համար։

Համաձայնագիրը ձեռք է բերվել Կալիֆոռնիայում դատավարության մեկնարկից մեկ շաբաթ անց։ Գործին մասնակցող չորս նահանգները Meta-ից պահանջում էին մինչև 1.4 տրիլիոն դոլարի փոխհատուցում, ինչպես նաև ընկերության հարթակներում էական փոփոխություններ կատարել։

Նահանգները պնդում էին, որ Meta-ն անպատշաճ կերպով հավաքել է անչափահասների տվյալները, իր սոցիալական մեդիա հարթակները նախագծել է երեխաների մոտ կախվածություն առաջացնելու մեխանիզմներով և հանրությանը մոլորեցրել դրանց հնարավոր վնասների վերաբերյալ։

Meta-ն երկար ժամանակ հերքել է այդ մեղադրանքները՝ պնդելով, որ զգալի ներդրումներ է կատարել երեխաների և դեռահասների անվտանգության ապահովման համար։ Ընկերությունը համաձայնագրի շրջանակում նույնպես չի ընդունել մեղքը։

«Մեր հարթակներում դեռահասների անվտանգ և արդյունավետ փորձառության ապահովումը Meta-ի համար բացարձակ հրամայական է»,-հայտարարել է ընկերությունը՝ նշելով, որ նահանգների գլխավոր դատախազների հետ համագործակցությամբ ցանկանում է ոլորտում անվտանգության նոր չափանիշներ սահմանել։

Leave a Comment