Գնահատողների գործունեությունը կխստացվի․ նոր պահանջներ են առաջարկվում

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է հստակեցնել գնահատողների գործունեությանն ու վարքագծին ներկայացվող պահանջները։

 Իրավական ակտերի նախագծերի ընդունման անհրաժեշտությունը.

Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է  ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի N 1355-Ն որոշմամբ սահմանված գնահատողների գործառույթներն առավել հստակեցնելու և «Գնահատման գործունեության մասին» օրենքի պահանջների պահպանումն ապահովելու անհրաժեշտությամբ։

Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի N 1355-Ն որոշմամբ հաստատված (Հավելված N 4) գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջներում գնահատողի կողմից իրականացվող գործողությունները առավել հստակեցնելու համար։

  Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Ներկա դրությամբ որակավորված գնահատողների կողմից կազմվում և պատվիրատուներին տրամադրվում են այնպիսի փաստաթղթեր, որոնք «Գնահատման գործունեության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ ենթակետով սահմանված գնահատման հաշվետվություն չեն հանդիսանում, հետևաբար դուրս են գտնվում Կադաստրի կոմիտեին (լիազոր մարմին) վերապահված ոլորտը վերահսկելու լիազորություններից:

 Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջներում կսահմանվեն կարգավորումներ, որոնց համաձայն գնահատողից կպահանջվի կազմել և պատվիրատուներին տրամադրել այնպիսի փաստաթղթեր, որոնք բացառապես սահմանված են «Գնահատման գործունեության մասին» օրենքով և ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի N 1355-Ն որոշմամբ:

 Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:

 Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծերի ընդունումը բխում է «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների և 2023-2025 թվականների գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2019 դեկտեմբերի 26-ի թիվ 1978-Լ որոշման 1-ին կետի 1-ին եթակետով հաստատված N 1 հավելվածի 2.6-րդ կետից և նույն որոշման 1-ին կետի 3-րդ եթակետով հաստատված N 3 հավելվածի 3.14.-րդ գործողության կատարման անհրաժեշտությունից, ուստի Նախագծով Գնահատման ստանդարտներում սահմանվում են հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության գնահատման առանձնահատուկ կանոններ՝ գնահատման գործընթացի կանխատեսելիությունը բարձրացնելու և արդար փոխհատուցման սկզբունքի առավել արդյունավետ իրացումն ապահովելու նպատակով։

Leave a Comment