Նա, ով հրաշքներ գործեց Գյումրիի բեմում. Լևոն Զոհրապյան. «Արդեն 100 տարի»

1894 թվականի նոյեմբերի 1-ին Բաթումում՝ բավական բարեկեցիկ ընտանիքում ծնված Լևոն Զոհրապյանը որոշում է դերասան դառնալ: Նրա առաջին քայլերը ռուսական բեմում էին: Հայերեն գրեթե չգիտեր, բայց հստակ որոշում կայացրեց տեղափոխվել հայկական թատերական աշխարհ:

Եվ 1913 թվականին, համառ աշխատանքով հաղթահարելով մայրենի լեզվի չիմացության արգելքը, նա բարձրացավ հայ բեմ: Լևոն Զոհրապյանը հրաշքներ գործեց Գյումրիի (Լենինականի) բեմում, զարմացրեց հանդիսատեսին և թատերական քննադատներին դերերի նուրբ ու խորունկ հոգեբանական բացահայտումներով:

Բայց ճանաչելիության առումով մայրաքաղաքից հեռու գործելը, թեկուզ մշակութային այնպիսի կարևոր կենտրոնում, ինչպիսին Գյումրին է, իր դերն այնուամենայնիվ խաղաց Լևոն Զոհրապյանի պարագայում:

1934 թվականին Լենինականի բեմում Վարդան Աճեմյանի բեմադրած «Մեծապատիվ մուրացկանները» ներկայացումը փառահեղ էր, իսկ Աբիսողոմ աղայի դերակատարումը՝ Լևոն Զոհրապյանի գլուխգործոցներից ու երգիծական դերերի մատուցման նրա շռայլ ձիրքի վկայությունը:

Որպես այս տաղանդավոր դերասանի արվեստի առհավատչյա՝ պահպանված են թատերական մի քանի դերակատարումների ձայնագրություններ, որոնք պահվում են Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում: Այստեղ է պահվում նաև Զոհրապյանի արվեստի սիրահար, նրա լավ բարեկամ ու խաղընկեր Գևորգ Աբաջյանի խոսքը մեծ դերասանի մասին:

Թատերական բեմում խաղացած տասնյակ հրաշալի դերերի կողքին՝ 1939 թվականից նա նկարահանվեց նաև մի քանի ֆիլմում. «Սևանի ձկնորսները» ֆիլմում խաղաց Աղաբեկի դերը, «Դավիթ Բեկում» մարմնավորեց Բայանդուրի կերպարը, «Մանրուք» կարճամետրաժում խաղաց Սանթրոսի դերը, իսկ «Հասցեատիրոջ որոնումները» ֆիլմում նա Գրիգոր Խրիստոֆորովիչն էր:

Լևոն Զոհրապյանը կյանքից հեռացավ 1969 թվականի օգոստոսի 29-ին: Վառ հիշատակ հրաշալի դերասանին:

Leave a Comment