Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Իրինա Յոլյանը

Խորհրդարանի՝ օգոստոսի 26-ի նիստում քննարկվել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ այդ պաշտոնում խմբակցությունն առաջադրել է պատգամավոր Իրինա Յոլյանի թեկնածությունը։

Խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալներն ու գործունեությունը։

Ելույթ ունենալով՝ Իրինա Յոլյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու և վստահության համար։ Անդրադառնալով ՏԻՄ-երին՝ թեկնածուն համոզմունք է հայտնել, որ տեղական ինքնակառավարումը ոլորտ է, որն ուղղակիորեն, ամենօրյա կերպով առնչվում է մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու կյանքին, համայնքների կենսունակությանն ու պետության ընդհանուր դիմակայունությանը։ «Այն պատասխանատվությունը, որ դրված է այս հանձնաժողովի առջև, պահանջում է ոչ միայն ընթացիկ, օրվա խնդիրների լուծում, այլև հեռահար տեսլականի սահմանում՝ հավասարակշռված մոտեցումներ և ամենակարևորը՝ համակարգային աշխատանք»,- շեշտել է նա՝ հաջորդիվ ներկայացնելով իր տեսլականը ոլորտի զարգացման վերաբերյալ։

Թեկնածուն պատասխանում է պատգամավորների հարցերին։

Leave a Comment