ԱԺ-ն Հարություն Հարությունյանին ընտրել է Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ

ՀՀ Ազգային ժողովը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանին ընտրել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։Ուղիղի հեռարձակումը՝ Armenia TodayYouTube ալիքը։

Կողմ քվեարկեց 56, դեմ՝ 48: Քվեարկությանը մասնակցել է 104 պատգամավոր։

Ավելի վաղ խորհրդարանը չէր ընտրել այս պաշտոնում «Ուժեղ Հայաստան»-ի մեկ այլ թեկնածուի՝ Արեգա Հովսեփյանին․ նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 40 պատգամավոր, դեմ՝ 62-ը, մեկ քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր։

Իր թեկնածության քննարկման ժամանակ Հարությունյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է զարգացնի հարաբերությունները Եվրամիության հետ, սակայն առաջնահերթ պետք է մնան Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի երկարաժամկետ ազգային շահերը։

Նրա խոսքով՝ «Ուժեղ Հայաստան»-ը կողմ է ԵՄ-ի հետ գործընկերության խորացմանը և միջազգային գործընկերների շրջանակի ընդլայնմանը, ինչը թույլ կտա նվազեցնել երկրի կախվածությունը առանձին ազդեցության կենտրոններից։ Միաժամանակ Հարությունյանն ընդգծել է, որ մեկ կենտրոնից կախվածությունը չպետք է փոխարինել մյուսից կախվածությամբ, և հանդես է եկել դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականության օգտին։

Նա նաև նշել է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը կարող է նպաստել պետական ինստիտուտների բարեփոխմանը, եվրոպական չափանիշների ներդրմանը, անկախ և թափանցիկ դատական համակարգի զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և տեղական ինքնակառավարման ապակենտրոնացմանը։

Հարությունյանը հորդորել է չնույնացնել եվրաինտեգրումը Եվրամիությանն անդամակցության հետ՝ նշելով, որ ԵՄ-ին անդամակցությունը երկարատև գործընթաց է, իսկ այս պահին Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հստակ օրակարգային հարց չկա։ Նա նաև կոչ է արել արտաքին քաղաքական կուրսի հնարավոր փոփոխության դեպքում հաշվի առնել այն ձեռնարկատերերի շահերը, որոնք իրենց բիզնեսը կառուցել են ԵԱՏՄ կանոնների հիման վրա։

Ավելի վաղ այսօր Ազգային ժողովը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Լիանա Մանուկյանին ընտրել էր Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Օգոստոսի 20-ին խորհրդարանն ընտրել էր 12 մշտական հանձնաժողովներից իննի նախագահներին․ նրանցից ութը ներկայացնում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, մեկը՝ «Հայաստան» խմբակցությունը։

«Ուժեղ Հայաստան»-ի ավելի վաղ առաջադրված երեք թեկնածուները՝ Հայկ Ֆարմանյանը, Դավիթ Ղազինյանը և Արեգա Հովսեփյանը, չէին ստացել անհրաժեշտ թվով ձայներ։

Leave a Comment