ՀՀ-ում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով – armeniatoday.am

Օգոստոսի 27-30-ը Հայաստանի ողջ տարածքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով՝ օգոստոսի 26-ի համեմատ, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ը։

Ըստ հրապարակման՝ տաք օդային հոսանքներին կփոխարինի Սև ծովից ներթափանցող ցիկլոնը, որը բերելու է տեղումներ և քամու ուժգնացում։

Հիդրոմետը հիշեցրել է, որ վերջին 3 օրերին Հայաստանը գտնվում էր Իրաքի շրջաններից ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, որոնք հատկապես ակտիվ էին Արարատյան դաշտում, նախալեռնային գոտում և Երևանում։

Օգոստոսի 27-ի երեկոյան ժամերից սկսած այդ տաք օդային հոսանքները կնահանջեն, իսկ դրանց փոխարեն տարածաշրջան կներթափանցի Սև ծովի ցիկլոնը, որի ազդեցությունը կպահպանվի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։

Սևծովյան ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 27-ի երեկոյան, ինչպես նաև օգոստոսի 28-31-ը գիշերը և հետկեսօրյա ժամերին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են եղանակային փոփոխություններ։

Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ և կտեղա կարկուտ, իսկ ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ։

Leave a Comment