Օմանի հետ համաձայնությունը չի նշանակում, որ Հորմուզը բացվում է. Ղարիբաբադի

Հորմուզի նեղուցի վերաբերյալ Օմանի և Իրանի միջև ձեռք բերված շրջանակային համաձայնագիրը դեռ չի նշանակում, որ «նեղուցը բացվում է», հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին:

Իրանցի պաշտոնյան ասել է, որ երթուղու ակտիվացումը նշանակում է, որ փակվում է նեղուցի հարավային երթուղին», որը ԱՄՆ-ն բացել էր «Օմանի ճնշման տակ», ինչը, նրա խոսքով, խախտում է ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմին վերջ դնելու նպատակով կնքված փոխըմբռնման հուշագրի 5-րդ հոդվածը։

Ղարիբաբադին ասել է, որ երթուղու առաջարկվող քարտեզը ներկայացրել է Իրանի զինված ուժերը, որին կհաջորդեն մշտական համաձայնագրի շուրջ բանակցություններ։ Իրանը նաև ոչ մի ռազմական նավի թույլ չի տա անցնել Հորմուզի նեղուցով, զգուշացրել է նա:

«Մենք փակեցինք Հորմուզի նեղուցը, նախքան Միացյալ Նահանգների կողմից [Իրանի նկատմամբ – խմբ.] տնտեսական շրջափակում սահմանելը, քանի որ Միացյալ Նահանգները չկատարեց փոխըմբռնման հուշագրով ստանձնած իր պարտավորությունները», – ըստ IRNA պետական լրատվական գործակալության՝ ասել է Ղարիբաբադին։

«Մինչև Հորմուզի նեղուցի վերաբացմանն ուղղված որևէ գործողություն ձեռնարկելը, Միացյալ Նահանգները պետք է լիովին կատարի բոլոր պարտավորությունները, որոնք խախտել է», – ասել է նա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ Truth Social-ում գրել էր, որ «Հորմուզի նեղուցի միջազգային ջրերում բոլոր ականները հեռացվել և/կամ պայթեցվել են»։ Սակայն Ղարիբաբադին այս պնդումները «քարոզչական խաբեություն» է անվանել՝ հավելելով, որ Իրանը կթիրախավորի տարածաշրջան մտնող ականազերծող ամերիկյան նավերին:

Leave a Comment