Խանդանյանը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է համագործակցության օրակարգը

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն օգոստոսի 25-ին Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովի հետ քննարկել է ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության օրակարգն ու տարածաշրջանային անվտանգության հարցերը, տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։

Խանդանյանը կարևորել է Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև առկա սերտ հարաբերությունները՝ ընդգծելով փոխգործակցությունն ընդլայնելու մեծ ներուժը։ Նա անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումներին։

Վիննիկովի խնդրանքով՝ հանձնաժողովի նախագահը ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը։ ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարը ընդգծել է Հայաստանի հետ հարաբերությունների խորացման կարևորությունը։ Նա բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում (KFOR) իրականացվող խաղաղապահ առաքելությանը։

Հանդիպման ավարտին զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության օրակարգային այլ հարցերի շուրջ։

Leave a Comment