Ասում են՝ տաղանդը նման է թանկարժեք քարի, որը փայլելու համար լույսի կարիք ունի։ Արդեն ութ տարի շարունակ Հայկական բարեգործական ընդհանուր միության «ՀԲԸՄ-ն բացահայտում է տաղանդներ» երաժշտական մրցույթը դարձել է հենց այն լույսի աղբյուրը, որն օգնում է հայ պատանի երաժիշտներին գտնել իրենց ճանապարհը դեպի մեծ բեմեր։
«Մենք տաղանդների պակաս չունենք, ունենք հնարավորությունների պակաս»
Տարեցտարի ընդլայնվող ծրագիրը ոչ միայն բացահայտում է նոր անուններ, այլև նրանց տալիս է «թևեր»՝ թռիչքի համար։ «Տաղանդների պակաս չունենք, ունենք հնարավորությունների պակաս, և ՀԲԸՄ-ն փորձում է հենց այդ բացը լրացնել»,- մրցույթի պատասխանատու, ՀԲԸՄ Հայաստանի մշակութային ծրագրերի համակարգող Վարդան Ծուլիկյանն այսպես է բնութագրում նախագծի գլխավոր առաքելությունը։ Ծրագրի ամենատպավորիչ կողմերից մեկը երաժշտական գործիքների բանկն է։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ հանճարեղ պատանին չունի որակյալ գործիք՝ իր ողջ ներուժը ցույց տալու համար։ ՀԲԸՄ-ն լուծում է այս խնդիրը՝ տրամադրելով բարձրակարգ գործիքներ (արդեն մոտ 110 միավոր), որոնք երաժիշտների մոտ կարող են մնալ տարիներով՝ մինչև նրանց կայացումը։


Բեմի դողն ու հայրենիքի պատասխանատվությունը
Մրցույթի «Գրան պրի» մրցանակակիրներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ, դաշնակահար Արմեն Պուչինյանը և ջութակահար Էդուարդ Դայանը այն պատանիներն են, որոնց անունները շուտով կլսենք աշխարհի ամենահայտնի համերգասրահներից։ Չնայած երկուսն էլ հասցրել են նվագել Եվրոպայում, հայրենիքում ելույթ ունենալն ուրիշ զգացողություն է՝ ասում են։
Արմեն Պուչինյանն անկեղծանում է. «Տարբերություն կա, երբ նվագում ես քո հայրենիքում, քո հայրենակիցների առջև։ Դա ավելի հուզիչ է… Պատասխանատվությունն է մեծ, որովհետև դու երաժիշտ ես, դու ռոբոտ չես, ու չգիտես՝ ինչ կարող է պատահել բեմի վրա։ Այստեղ քեզ ճանաչում են, ու այդ հուզմունքը մի քիչ ավելի շատ է»։
Իսկ Էդուարդ Դայանը, ով այսօր սովորում է Իսպանիայում՝ աշխարհահռչակ պրոֆեսորների մոտ, պատմում է, որ բեմի վրա ամեն ինչ մոռացվում է. «Մինչև բեմ բարձրանալը կարող է հուզմունք լինել, բայց երբ սկսում եմ նվագել, այդ ամենն անհետանում է։ Փորձում եմ հանգստանալ և ուղղակի կատարել իմ գործը ամենաբարձր մակարդակով»։
Փարիզ, ձայնագրություններ և նոր հորիզոններ
Ի՞նչ է տալիս հաղթանակն այս մրցույթում։ Դա պարզապես դիպլոմ չէ։ Սա մուտքի տոմս է դեպի պրոֆեսիոնալ աշխարհ։ Հաղթողները հնարավորություն են ստանում.
- Ելույթ ունենալ Փարիզում և եվրոպական այլ բեմերում։
- Նվագել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։
- Իրականացնել պրոֆեսիոնալ ձայնագրություններ, որոնք անհրաժեշտ են միջազգային կարիերայի համար։


Երազանքների հետքերով
Էդուարդի և Արմենի համար երաժշտությունը ոչ թե մասնագիտություն է, այլ կյանքի իմաստ։ Օրական 5-6 ժամ տևող փորձերը, մրցույթների լարվածությունն ու հաղթանակի բերկրանքը նրանց դարձնում են ավելի ուժեղ։
Էդուարդի երազանքը պարզ է, բայց շատ խորը. «Ուզում եմ դառնալ բարձր մակարդակի երաժիշտ։ Ցանկացած բեմ, որտեղ նվագախումբ կա, ես արդեն երջանիկ եմ»։
«ՀԲԸՄ-ն բացահայտում է տաղանդներ» ծրագրն ապացուցում է՝ երբ հայ պատանին զգում է թիկունքն ու աջակցությունը, նրա համար անհնարին ոչինչ չկա։ Սա մրցույթ է, որը ոչ թե ավարտվում է մրցանակաբաշխությամբ, այլ հենց այդտեղից էլ սկսում է երաժշտի մեծ ու լուսավոր ճանապարհը։