CBS հեռուստաալիքը, ինչպես նաև արևմտյան ու ռուսական այլ լրատվամիջոցներ հայտնել են, որ օգոստոսի 25-ին Մոսկվայում է գտնվել ԿՀՎ (CIA) ղեկավար Ջոն Ռետկլիֆը։ Flightradar24 ծառայության տվյալներից հետևում էր, որ ԱՄՆ ՌՕՈւ ինքնաթիռն իսկապես առավոտյան ժամանել էր Մոսկվա, այնտեղ անցկացրել մոտ ինը ժամ, որից հետո հետ էր թռել։ Պաշտոնապես ոչ Մոսկվան, ոչ Վաշինգտոնը չեն հայտնել ամերիկյան ղեկավարության որևէ ներկայացուցչի՝ Ռուսաստան կատարած այցի մասին։
Մոսկվա ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցչի հնարավոր ժամանման մասին հայտնի էր դարձել երեքշաբթի առավոտյան՝ օգոստոսի 25-ին, այն բանից հետո, երբ մայրաքաղաքի «Վնուկովո» օդանավակայանում վայրէջք կատարեց Boeing C-17A Globemaster III ինքնաթիռը՝ RCH4555 բորտային համարով։ Դրա թռիչքը ֆիքսվել էր Flightradar24 ծառայության կողմից։
Ինքնաթիռը մեկնել էր օգոստոսի 23-ին Մերիլենդի Քեմփ Սփրինգսից. այնտեղ է գտնվում Էնդրյուս ավիաբազան, որտեղ տեղակայված են նաև ԱՄՆ ղեկավարության ներկայացուցիչների կողմից օգտագործվող որոշ ինքնաթիռներ, մասնավորապես՝ ԱՄՆ նախագահի Air Force One ինքնաթիռը։ Ճանապարհին ամերիկյան ինքնաթիռը կանգառ էր կատարել Ռիգայում և այնտեղ անցկացրել մեկ օրից մի փոքր ավելի։
Ամերիկյան ղեկավարությունից որևէ մեկի այցը Ռուսաստան նախապես չէր ազդարարվել։ Երեքշաբթի առավոտյան Մոսկվան չէր հայտնել ամերիկյան պատվիրակությունների ծրագրված այցերի կամ Վլադիմիր Պուտինի նախատեսված հանդիպումների մասին։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը նույնպես հայտարարել էր, որ «տեղեկություն չունի» Մոսկվայում վայրէջք կատարած ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռի մասին։
Երեքշաբթի ցերեկը Մոսկվայի փողոցներում նկատվել էր ամերիկյան դիվանագիտական համարանիշերով ավտոշարասյուն, ինչի համար մայրաքաղաքային մայրուղիներից մեկում ժամանակավորապես դադարեցվել էր երթևեկությունը. ավտոշարասյան անցնելու տեսանյութը հրապարակել էին մի քանի տելեգրամյան ալիքներ։
Ամերիկյան ինքնաթիռը «Վնուկովոյից» մեկնել է երեքշաբթի երեկոյան, հայտնել են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով Flightradar24-ին։
