«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են դատարանի կողմից, հայտնել է Ծառուկյանի պաշտպանական թիմը։
Գանգատները վերաբերում են Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ապօրինի և քաղաքական շարժառիթներով պայմանավորված քրեական հետապնդմանը, ազատությունից ապօրինի զրկելուն, նրա նկատմամբ ցուցաբերված անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքին, քրեաիրավական սահմանափակումներն իրենց համար նախատեսված իրավաչափ նպատակից շեղված՝ քաղաքական նպատակներով կիրառելուն, ինչպես նաև նույն արարքների կապակցությամբ կրկնակի քրեական հետապնդման արգելքի խախտմանը։
Ըստ փաստաբանների՝ ներկայացված փաստերը ցույց են տալիս, որ քրեական արդարադատության համակարգն օգտագործվել է ոչ թե օրինական քրեաիրավական նպատակների, այլ քաղաքական հակառակորդին հետապնդելու, մեկուսացնելու և հանրային ու քաղաքական գործունեությունից հեռացնելու համար։
«Քաղաքական հաշվեհարդարը չի դառնում իրավաչափ միայն այն պատճառով, որ ձևակերպվում է քրեական վարույթի որոշումներով։ Քրեական դատավարության արտաքին ձևականությունները չեն կարող քողարկել հետապնդման իրական նպատակը»,- շեշտել են նրանք։
Գանգատները վերաբերում են Կոնվենցիայի հիմնարար իրավունքներին, այդ թվում՝ անձի ազատությանը, ինչպես նաև պետական իշխանության կողմից քրեական հետապնդման մեխանիզմների քաղաքական նպատակով չարաշահմանը։ ՄԻԵԴ-ի ձևավորված մոտեցումը վկայում է, որ նման բնույթի՝ քաղաքական շարժառիթներով ազատությունից զրկման և Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտման վերաբերյալ գործերը ստանում են առաջնահերթ ընթացք և սովորաբար կոմունիկացվում են սեղմ ժամկետներում։
Ըստ պաշտպանների՝ ներկայացված իրավական և փաստական նյութերի համակցությունը որևէ ողջամիտ տեղ չի թողնում այն պնդման համար, թե տեղի ունեցողը սովորական կամ քաղաքականապես չեզոք քրեական հետապնդում է։
