Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) ներկայացուցիչ Մարկուս Լամերտը մեկնաբանել է Հայաստանի իշխանությունների՝ ԵՄ անդամակցությանը դիմելու ծրագրերը։
«Հայաստանն առավել քան երբևէ մոտ է ԵՄ-ին», – հայտարարել է նա՝ նշելով Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի հաջող անցկացումը Երևանում, ինչպես նաև կողմերի միջև «գերազանց համագործակցությունը»։
ԵՀ ներկայացուցիչը նաև խորհրդարանի կողմից ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին օրենքի ընդունումն անվանել է «կարևոր խորհրդանշական քայլ»։ Լամերտի խոսքով՝ սա նշանավորում է Երևանի առաջին քայլը դեպի ԵՄ։ «Իհարկե, ԵՄ անդամակցությունը ենթադրում է հստակ սահմանված և արժանիքների վրա հիմնված գործընթաց։ Սա պահանջում է դիմորդ երկրի պաշտոնական դիմում։ Մենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ, օրինակ՝ տրանսպորտային կապերի, առևտրի և շատ այլ ոլորտների զարգացման միջոցով», – հայտարարել է նա։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը, հավանաբար, շուտով կսկսի ԵՄ անդամակցության պաշտոնական դիմում ներկայացնելու նախապատրաստական գործընթացը։ Նրա խոսքով՝ հանրաքվե պետք է անցկացվի դիմումը ներկայացնելուց, ԵՄ պատասխանը ստանալուց և ճանապարհային քարտեզ մշակելուց հետո։
Մայիսի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարները համատեղ հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով Երևանին որոշել իր արտաքին տնտեսական ուղղությունը՝ հանրաքվե անցկացնելով Եվրամիությանը միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։ Հունիսի 25-ին Փաշինյանը հայտարարել էր, որ եթե ԵԱՏՄ երկրները կարող են միակողմանի որոշումներ կայացնել իրենց անդամ պետություններից մեկի նկատմամբ, դա կնշանակի միության «ինքնալուծարում»։
