Պաշտպանության նախարարությունը արձագանքել է պայմանագրային զինծառայողի մահվան վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին՝ ընդգծելով, որ դեպքը տեղի չի ունեցել բանակում և առնչություն չունի ծառայության հետ։…
Պաշտպանության նախարարությունը արձագանքել է պայմանագրային զինծառայողի մահվան վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին՝ ընդգծելով, որ դեպքը տեղի չի ունեցել բանակում և առնչություն չունի ծառայության հետ։
«Շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում։ Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել․ դեպքն առնչություն չունի ծառայության հետ և չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար»,- հայտնել են ՊՆ-ից։
Գերատեսչությունից նաև հորդորել են զերծ մնալ բանակի թիրախավորումից՝ նշելով, որ նման հրապարակումները բացասական ազդեցություն են ունենում զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա և անհարկի լարվածություն առաջացնում զինծառայողների ու նրանց հարազատների շրջանում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողին հարազատը գտել է կախված վիճակում։ Կայքի տեղեկություններով՝ զինծառայողը ծառայությունն իրականացնում էր «Պաշտպան հայրենյաց» ծրագրով և այսօր պետք է մեկներ զորամաս՝ հերթապահության։