ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) Ջոն Ռեթքլիֆը ժամանել է Ռուսաստան, հայտնել է CBS-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։
Ըստ Ջեյքոբսի՝ Ռեթքլիֆի այցի մասին տեղեկատվությանը տիրապետում են CBS-ի ևս երկու լրագրողներ։ Լրագրողների զրուցակիցների խոսքով՝ ԿՀՎ ղեկավարը Ռուսաստան է մեկնել C-17 ռազմատրանսպորտային ինքնաթիռով։ Որպես այցի նպատակ աղբյուրները նշել են «հանդիպումները Մոսկվայում»։
Այն տեղեկությունը, որ Ռեթքլիֆն այցելելու է Մոսկվա, Բարաք Ռավիդին հաստատել է անանուն ամերիկացի պաշտոնյան։
Այլ մանրամասներ լրագրողները չեն հայտնել։
Ռեթքլիֆի այցի մասին տեղեկությունը հայտնվել է այն բանից հետո, երբ Մոսկվայի օդանավակայանում նկատել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի Boeing C-17A Globemaster III ռազմատրանսպորտային ինքնաթիռը և, ինչպես նշում է CBS-ը, ամերիկյան դիվանագիտական ավտոշարասյունը։ Ընդ որում, ԱՄՆ-ն և Ռուսաստանը դեռևս չեն բացահայտել ժամանած անձի ինքնությունը և նրա այցի նպատակը։
Flightradar24 ծառայության տվյալներով՝ RCH4555 բորտային համարով Boeing C-17 Globemaster III ինքնաթիռը Մոսկվայի ժամանակով ժամը 08:50-ի սահմաններում թռել է Ռիգայից և մոտավորապես ժամը 10:04-ին վայրէջք կատարել «Վնուկովո» օդանավակայանում։ Ավելի վաղ՝ օգոստոսի 23-ին, ինքնաթիռը Ռիգա էր ժամանել ամերիկյան Մերիլենդ նահանգի Քեմփ Սփրինգս քաղաքից, որտեղ գտնվում է «Էնդրյուս» ավիաբազան։ Այնտեղ է բազավորված Air Force One-ը՝ ԱՄՆ նախագահի ինքնաթիռը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի ուշ հայտարարել է, որ տեղեկություն չունի Մոսկվա ժամանած ամերիկյան ինքնաթիռի մասին։
