2025 թվականի հունվարի 1-ից մինչև այս տարվա օգոստոսի կեսը անհուսալի վարկառուների ծրագրից օգտվել է 11 241 շահառու, որից 4 261-ն աշխատանքի է տեղավորվել «ծրագրի իրականացման արդյունքում»։ Տվյալները «Հետք»-ին են փոխանցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
2024 թվականի դեկտեմբերին Կառավարությունը հայտարարեց, որ գործարկում է անհուսալի վարկառուների վարկային պատմությունն առողջացնելու և այդ վարկառուներին աշխատաշուկա բերելու ծրագիր։ Այն կոչվում է «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման» միջոցառում։
Ծրագրից օգտվում են այն քաղաքացիները, որոնց վարկերի մայր գումարների հանրագումարը (առանց տույժ-տուգանքների) 1 մլն դրամից պակաս է, և այդ վարկերն անհուսալի են ճանաչվել առնվազն 3 տարի։ Պարզ ասած՝ այն քաղաքացիները, որոնք վարկ են վերցրել և տարիներ շարունակ չեն մարել։
Հաջորդ կարևոր պայմանն այն է, որ նրանք պետք է ունենան ֆորմալ, այսինքն՝ գրանցված աշխատանք կամ զբաղվածություն։
Աջակցությունը հետևյալն է. որպես աշխատող քաղաքացիներ՝ նրանց վճարած եկամտային հարկն ուղղվում է ոչ թե պետական բյուջե, ինչպես մյուս քաղաքացիների պարագայում է (բացառությամբ եկամտային հարկի վերադարձի ծրագրերից օգտվողների), այլ՝ վարկերի մարմանը։ Ծրագրի ավարտից (առավելագույնը 24 ամիս) հետո այս աշխատողների եկամտային հարկն արդեն ամբողջությամբ սկսում է մտնել բյուջե։
Ծրագրի մեկնարկից ավելի քան մեկուկես տարի անց, փաստորեն, 11 241 շահառու է օգտվել։
Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի գնահատմամբ՝ դիմողների փաստացի թիվը ակնկալվող շահառուների թվի ընդամենը 5-10%-ն է։
«Եթե մարդը որոշել է չմարել վարկերը, ինչ ուզում ես արա, չի մարի։ Ընդ որում՝ սահմանված 1 մլն դրամի շեմը մայր գումարին է վերաբերում։ Եթե վարկ է վերցրել 500 հազար դրամ, բայց տույժ-տուգանքով այն դարձել է 2 մլն դրամ, միևնույն է, նա կարող է դառնալ ծրագրի շահառու։ Ովքեր պահանջներին համապատասխանել են, բանկերը միանշանակ համաձայնել են, տույժերի ու տուգանքների 80%-ը ներել են»,- օգոստոսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Դանիել Ազատյանը։
Ի սկզբանե, երբ ծրագիրը քննարկումների փուլում էր, կառավարությունը հայտարարում էր պոտենցիալ շահառուների մեծ թվի մասին՝ 218 000 անձ, որոնք կարող էին դիմել ծրագրի համար։ Բայց, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանխատեսմամբ՝ այս պոտենցիալ շահառուների շուրջ 60%-ը կդիմեր, այսինքն՝ 131 000 անձ, քանի որ ամենայն հավանականությամբ, չէին դիմի, օրինակ, ավագ սերնդի մարդիկ, որոնք չէին կարող ֆորմալ աշխատանքի անցնել, երկրից բացակայողները և այլն։
Անհասկանալի է նաև նախարարության ձևակերպումը՝ «2025 թվականից ծրագրի իրականացման արդյունքում աշխատանքի է տեղավորվել 4 261 անձ»։ Ինչի՞ հիման վրա է եզրակացվել, որ հենց այս ծրագրի արդյունքում են նշված շահառուները աշխատանքի անցել, չի բացատրվում։ Նաև հայտնի չէ՝ նրանք նախկինում ստվերային՝ չգրանցված աշխատողնե՞ր են եղել, թե՞ ոչ։
Նախարարությանը նաև հարցրել էինք՝ ի սկզբանե ի՞նչ կանխատեսումներ կային՝ քանի՞ պոտենցիալ շահառու կարող էր ունենալ այս ծրագիրը։ Նպատակն էր հասկանալ՝ հայտարարված 131 հազար սպասվող շահառուների թվի կանխատեսումները ինչ-որ փուլից փոխվե՞լ են։ Նախարարությունից պատասխանել են, որ 2025 թվականին նախատեսվել էր միջոցառման մեջ ընդգրկել 6170 անձի:
Կրկին չի բացատրվում՝ ինչու՞ 6170 անձ, արդյոք հաջորդող տարիների համար ավելի մեծ տեմպ է կանխատեսվում։ Բոլոր դեպքերում, փաստացի ցուցանիշները ի սկզբանե կանխատեսվածներից անգամներով փոքր են այս պահին։
Շահառուների վարկերի մարմանն ուղղվել է մոտ 2.7 մլրդ դրամ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքում կարդում ենք, որ շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից վարկի սպասարկման համար բռնագանձվող գումարի նախատեսված չափը 20%-ն է՝ 24 ամիս ժամկետով (այժմ սահմանված մինչև 50%-ի փոխարեն)։
20% էլ կազմում է անվանական՝ «կեղտոտ» աշխատավարձից գանձվող եկամտային հարկը։ Դա եկամտային հարկի ֆիքսված դրույքաչափն է, որը գործում է բոլոր աշխատողների համար։ Սա աշխատող քաղաքացիների կողմից վճարվող ամենամեծ հարկատեսակն է։
Սոցապ նախարարությունից հայտնում են, որ միջոցառման շրջանակում շահառուների անհուսալի վարկերի մարման նպատակով ֆինանսավորվել է 2 մլրդ 658 մլն դրամ, ըստ էության՝ այդքան եկամտային հարկ է ուղղվել այս ծրագրին 2025 թվականի սկզբից ի վեր։
Այդ գումարները հոսել են բանկեր ու վարկային կազմակերպություններ։ Դրանք այն վարկերի գծով մարումներն են, որոնք տարիներ շարունակ դասակարգված էին որպես անհուսալի և փաստացի դուրս էին գրված հաշվեկշիռներից։ Այդ տեսանկյունից ֆինանսական համակարգի համար, սակայն, սա մեծ թիվ չէ՝ հաշվի առնելով, որ այս պահին բանկերում, ըստ ԿԲ-ի հաշվետվությունների, շուրջ 8.8 տրլն դրամի վարկ կա, իսկ վարկային կազմակերպություններում՝ 0.7 տրլն դրամի։
Բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի հաղորդած տվյալներով՝ բանկերի վարկային պորտֆելում չաշխատող վարկերի տեսակարար կշիռն այսօր 1-2% է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter