Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ

Դատախազը 2026թ. օգոստոսի 25-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել հագուստի մանրածախ առևտրող զբաղվող «Գրիտտի» ՍՊ ընկերության գործող տնօրեն Ի.Հ.-ի, նույն ընկերության նախկին տնօրեն Հ.Մ.-ի, «PLAY CITY» ապրանքային նշանի ներքո գործող «ՖԱՍԹ ՔԱՐԹ» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Ա.-ի և «ԿԻՆԵՏԻԿ» ՓԲ ընկերության տնօրեն Կ.Ա.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար: Այս մասին հաղորդում է Դատախազության լրատվական ծառայությունը։

«Մասնավորապես՝ 

  1. Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ի.Հ.-ն 2018 թվականի մարտի 7-ից հանդիսանալով Երևանի Հյուսիսային պողոտա 3 («Ստեֆանո Ռիչի») և Թումանյան 12 հասցեներում («Կորնելիանի») գործող հագուստի մանրածախ առևտրող զբաղվող «Գրիտտի» ՍՊ ընկերության տնօրենը, 2021թ. նոյեմբերից մինչև 2026թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում, առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու նպատակով, հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ, ինչի արդյունքում դիտավորությամբ չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 1 միլիարդ 577 միլիոն 83 հազար դրամ հարկերը: Քրեական վարույթի շրջանակում պարզվել է նաև, որ Հ.Մ.-ն, ով 2007թ. մայիսի 25-ից մինչև 2018թ. մարտ ամիսը զբաղեցրել է հագուստի մանրածախ առևտրող զբաղվող «Գրիտտի» ՍՊ ընկերության տնօրենի պաշտոնը, հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ, ինչի արդյունքում դիտավորությամբ չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 328 միլիոն 664 հազար դրամ հարկերը:
  2. Դատախազը Քննչական կոմիտեում քննվող մեկ այլ վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004թ. փետրվարի 13-ից Երևանի Աճառյան 35 հասցեում «PLAY CITY» ապրանքային նշանի ներքո գործող «ՖԱՍԹ ՔԱՐԹ» ՍՊ ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցնող Ա.Ա.-ի նկատմամբ՝ 2025թ. հուլիսի 1-ից մինչև 2026թ. հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում, առանձնապես խոշոր չափերով՝ 141 միլիոն 54 հազար դրամ հարկերը չվճարելու համար:
  3. Դատախազը Քննչական կոմիտեում քննվող մեկ այլ վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցել 2012թ. հոկտեմբերի 17-ից Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 7/1 հասցեում գործող՝ սպորտային ծառայությունների մատուցմամբ զբաղվող «ԿԻՆԵՏԻԿ» ՓԲ ընկերության (Օրանժ ֆիթնես) տնօրենի պաշտոնը զբաղեցնող Կ.Ա.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով՝ 520 միլիոն 215 հազար դրամ հարկեր չվճարելու համար»,- ասված է հաղորդագրությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment