Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հանդես է եկել հայտարարությամբ։
Գլխավոր դատախազությունը Ռոբերտ Քոչարյանին մեղադրում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 3 դրվագի, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու 2 դրվագի և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու 4 դրվագի համար։
Բագրատ Միկոյանը, մասնավորապես, գրել է․
«Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել, որ Նախագահ Քոչարյանը մեղադրվում է 2000-ականներին Նիկոլի «Հայկական Ժամանակ»-ը չֆինանսավորելու, 2008-ին իշխանությունը Նիկոլենց չնվիրելու, 2018-ից հետո Նիկոլի հետ չպայմանավորվելու և սրանց գործած ազգային դավաճանությունը պատժելու մտադրության համար: Մարդիկ շատ լավ հասկանում են՝ ով և ովքեր են շահառուները: Մարդիկ մի բան պետք է իմանան՝ արդեն աքսիոմա է, որ սրանք ամեն գալիք արհավիրքից առաջ ազատազրկում են Նախագահին. սպասեք սրանց բերելիք հաջորդ ողբերգությանը»։
Նշված հայտարարությունը Բագրատ Միկոյանը տարածել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի անունից։