
Մեծ Բրիտանիան դարձել է առաջին արտասահմանյան երկիրը, որը հասանելիություն է ստացել ուկրաինական Avengers AI Labs ռազմական հարթակի տվյալների բազային, հայտնում է Bloomberg գործակալությունը։
Փոխարենը Լոնդոնը Կիեւին կտրամադրի տվյալների հետ աշխատելու տեխնոլոգիաներ եւ մասնագետներ։ Կողմերը մտադիր են դրանք օգտագործել արհեստական բանականության մոդելներ ուսուցանելու եւ նոր ռազմական համակարգեր մշակելու համար։
Avengers AI Labs-ի տվյալները ստացվում են հազարավոր տեսախցիկներից եւ ինֆրակարմիր սենսորներից։ Համակարգը գրանցում է տանկեր, հրետանի, հակաօդային պաշտպանության միջոցներ, հետեւակ եւ օդային թիրախներ, այդ թվում՝ «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր եւ հետախուզական դրոններ։ Հարթակի հիմքում ընկած է մարտադաշտում հավաքված հինգ միլիոն կադրերից կազմված՝ նշագրված տվյալների բազան։