«Erasmus+»-ը միայն արտերկրում սովորելու կամ ուսանողական փոխանակման հնարավորություն չէ։ Այն միավորում է համալսարաններին, կրթական կազմակերպություններին, երիտասարդական կառույցներին, մասնագիտական կրթության և ուսուցման հաստատություններին, սպորտային կազմակերպություններին՝ ստեղծելով համագործակցության, փորձի փոխանակման և նոր ծրագրերի իրականացման հնարավորություններ։
2026 թվականը ևս հարուստ է նոր հնարավորություններով ու արդյունքներով: Հայաստանում Erasmus+ ծրագրի հնարավորությունները ներկայացնելու, մասնակցությունը խթանելու, կազմակերպություններին աջակցելու և արդեն իրականացված ծրագրերի արդյունքները հանրայնացնելու գործում կարևոր դեր ունի Ազգային Erasmus+ գրասենյակը, որը աջակցում է ծրագրի իրականացմանը բարձրագույն կրթության, ՄԿՈՒ-ի, երիտասարդության և սպորտի ոլորտներում։

«Բարձրագույն կրթության ոլորտի համար «Erasmus+»-ն ունի լայն հնարավորություններ։ Խոսքը թե՛ շարժունության, թե՛ կարողությունների զարգացման ծրագրերի մասին է, որոնք առավելապես ուղղված են բարձրագույն ուսումնական հաստատությունների զարգացմանը։
2026 թվականին հայաստանյան կազմակերպությունների համար բաց է եղել կարողությունների զարգացման ծրագիրը, որը կարևոր ուղղություններից մեկն է։ Դա կառավարման, բարեվարքության և հակակոռուպցիոն ոլորտի միջառարկայական մագիստրոսական ծրագրի մշակմանն ուղղված նախագիծ է, որն իրականացնելու է ԵՊՀ—ն։ Սա կարևոր ձեռքբերում է մեզ համար»,- ասում է Հայաստանի Ազգային Erasmus+ գրասենյակի համակարգող Մարիանա Սարգսյանը։

«Erasmus+»-ը Հայաստանի համար միայն կրթական շարժունության ծրագիր չէ։ Այն հնարավորություն է՝ միջազգային գործընկերներ գտնելու, կրթական և երիտասարդական նոր նախաձեռնություններ իրականացնելու, մասնագիտական կարողություններ զարգացնելու, սպորտի ոլորտում փորձ փոխանակելու և կազմակերպությունների ինստիտուցիոնալ կարողությունները բարձրացնելու համար։
2026 թվականի Erasmus Mundus արդյունքները ևս ցույց են տալիս ծրագրի միջազգային լայն ընդգրկումը։ Այս տարի 1,872 ուսանող 135 երկրից ընտրվել է կրթաթոշակ ստանալու համար, և այդ հաջողության մեջ կան նաև հայ շահառուներ։

Հայաստանի Ազգային Erasmus+ գրասենյակի կարևոր գործառույթներից է ոչ միայն հնարավորությունների մասին տեղեկացնելը, այլև կազմակերպություններին ճանապարհի ընթացքում աջակցելը՝ գաղափարից մինչև հայտ և նախագծի իրականացում։
«Դպրություն» տաղավարում է Հայաստանի Ազգային Erasmus+ գրասենյակի համակարգող Մարիանա Սարգսյանը։