ԱՄՆ-ը Սիրիային հանել է ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից

ԱՄՆ վարչակազմը Սիրիային հանել է ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից, իսկ սիրիական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը՝ Պետդեպարտամենտի և Ֆինանսների նախարարության ահաբեկչական կազմակերպությունների ցուցակներից։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«(ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփի՝ Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները թուլացնելու խոստմանը համապատասխան՝ Պետդեպարտամենտն այսօր Սիրիային հանել է ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից։ …

Պետդեպարտամենտը «Ալ-Նուսրա ճակատը», որը հայտնի է նաև որպես «Հայաթ Թահրիր աշ-Շամ», հանել է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ցանկից»,- ասվում է հաղորդագրությունում։

Բացի այդ, ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը ՀԹՇ-ին հանել է իր սև ցուցակից։ Միևնույն ժամանակ, ֆինանսական գերատեսչությունը պատժամիջոցներ է սահմանել ՀԹՇ-ի երկու նախկին անդամների նկատմամբ՝ ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորմանն աջակցելու համար։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կարող է միջոցներ ձեռնարկել այն իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև պետությունների նկատմամբ, որոնք առևտուր են իրականացնում ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկում ընդգրկված երկրների հետ։

Ներկայում այդ ցանկում ընդգրկված են Իրանը, ԿԺԴՀ-ն և Կուբան։

Leave a Comment