Իրանում ԱՄՆ-ին կոչ են արել գործնականում կատարել Թեհրանի հետ համաձայնագիրը

Իրանի իշխանություններն անվստահությամբ են վերաբերվում Միացյալ Նահանգների խոստումներին։ Վաշինգտոնը պետք է գործնականում ապացուցի, որ ԱՄՆ վարչակազմն իսկապես կատարում է երկկողմ փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։

«Իրանը չի վստահում Միացյալ Նահանգներին»,- Թեհրանում Պակիստանի բանակի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրի հետ հանդիպման ժամանակ նշել է Ռեզային։

Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի համոզմամբ՝ Վաշինգտոնը «պետք է փոխի իր քաղաքականությունը և գործնական քայլեր ձեռնարկի փոխըմբռնման հուշագրի դրույթների իրականացման ուղղությամբ»։

Ինչպես հաղորդում է SNN գործակալությունը, Պակիստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարի հետ զրույցում Ռեզային ընդգծել է «Իրանի կողմից Հորմուզի նեղուցի գոտում անվտանգության ապահովման առանձնահատուկ կարևորությունը»։

Ավելի վաղ Մունիրը Իրանի մայրաքաղաքում բանակցություններ էր վարել Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ։ Հանդիպման ավարտին պակիստանցի զինվորականը հավաստիացրել էր, որ Իսլամաբադը կշարունակի ԱՄՆ-ի և Իսլամական Հանրապետության միջև երկխոսության միջնորդական առաքելությունը՝ «փոխըմբռնման հուշագրի իրագործման և տարածաշրջանում իրավիճակի իրական կարգավորման հասնելու նպատակով»։

Leave a Comment