Հայ-ռուսական հարաբերությունները խորքային ճգնաժամի մեջ են և հասել են աննախադեպ ցածր մակարդակի։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով վարչապետ…
Հայ-ռուսական հարաբերությունները խորքային ճգնաժամի մեջ են և հասել են աննախադեպ ցածր մակարդակի։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարություններին և ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի արձագանքին։
Սուրենյանցի գնահատմամբ՝ Պեսկովի անմիջական արձագանքը Փաշինյանի ելույթին ևս վկայում է երկու երկրների հարաբերություններում առկա լուրջ խնդիրների մասին։
«Կառավարության 2026-2031 թվականների ծրագրի «Արտաքին քաղաքականություն և անվտանգություն» բաժինը վկայում է Հայաստանը ռուսական ինտեգրացիոն նախագծերից, այդ թվում՝ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, հետևողականորեն դուրս բերելու ստրատեգիական կուրսի մասին»,- Panorama.am-ին ասել է քաղաքագետը։
Սուրենյանցը չի համաձայնել նաև այն տեսակետներին, թե Ռուսաստանը վերջնականապես հեռանում է Հարավային Կովկասից։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում և Արևելյան Եվրոպայում մեծ ռեսուրսների կենտրոնացումը ժամանակավորապես նվազեցրել է Ռուսաստանի ակտիվությունը տարածաշրջանում, սակայն դա չի նշանակում վերջնական հեռացում։
Քաղաքագետը զգուշացրել է նաև հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի հնարավոր հետևանքների մասին։ Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանը կարող է կրել հեղինակության և տարածաշրջանային ազդեցության կորուստներ, իսկ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի կտրուկ փոփոխությունը կարող է հանգեցնել տնտեսության մինչև 20% կրճատման, ինչպես նաև անվտանգային ծանր հետևանքների։