Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հետ։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը:
«Վարչապետը շնորհավորել է Ղազախստանի նախագահին՝ Կուրուլտայի ընտրությունների հաջող անցկացման առիթով։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քվեարկության համոզիչ արդյունքները հաստատում են Ղազախստանի քաղաքացիների լայն աջակցությունը Կասիմ–Ժոմարտ Տոկաևի կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքին:
Ղազախստանի նախագահը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների և ջերմ բարեմաղթանքների համար՝ ընդգծելով Ղազախստանի և Հայաստանի միջև բազմաոլորտ համագործակցությունը զարգացնելու կարևորությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերի իրականացման գործում համագործակցելու հնարավորությունների շուրջ։
Հայաստանի վարչապետը եւ Ղազախստանի նախագահը պայմանավորվել են քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթներով, մասնավորապես, Ղազախստանի նախագահի՝ հոկտեմբերին Հայաստան կատարելիք այցի շրջանակներում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter